Աշնանային տօնավաճառ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպութեամբ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, պաշտօնական բացումը կատարւեց ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպած աշնանային տօնավաճառին:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Գործակալական խորհրդի նախագահութեամբ, «Արամ Մանուկեան» ազգային սրահում սկսւեց տօնավաճառը: Սոյն վաճառքին մասնակցում էին Ուրմիայի բոլոր գիւղերի հայկական միութիւնների եւ կազմակերպութիւնների խմբեր, ինչպէս նաեւ Ուրմիայի միութիւնների յանձնախմբեր եւ անհատներ, իրենց աշնանային արդիւնքներով՝ մրգային, քաղցրեղէնի, եւ արւեստի գործերի:
ՀՕՄ-ի վարչութիւնը բարի գալստեան խօսքով ողջունեց բոլոր ներկաներին, որոնք բացման ժամին սրահում էին: Նրանք շնորհակալութիւն յայտնեցին թէ՛ միութիւնների եւ կազմակերպութիւնների վարչութեանց, որոնք քաջալերել էին իրենց անդամներին, մասնակցել սոյն աշնանային տօնավաճառին: Նրանք շնորհակալութիւն յայտնեցին նաեւ անհատ մասնակցողներին, որոնք ընդառաջել էին իրենց հրաւէրին:
Ցուցադրասեղանները գեղեցկօրէն յարդարւել էին մասնակիցների միջոցով, որոնք թէ՛ արւեստի գործերի, եւ թէ՛ ուտեստեղէնի, թխւածքների ու մրգեղէնի վաճառքի համար բացառիկ ներկայանալի էին այցելուներին:
Սոյն ցուցահանդէսը ունէր նաեւ հիւրասիրութեան բաժին, սրահի խոհանոցի միջոցով, որը նախապատրաստել էր «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհուրդը: Անդամուհիները ամբողջ ծրագրի ընթացքին կառավարեցին օրւայ բուֆէն, գոհ պահելով բոլոր այցելուներին: