ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սիփան» Մ. «Պարոյր Սեւակ» գրադարանը կրկին իր դռներն է բացել հայ ընթերցողի առաջ

«ԱԼԻՔ» – Շուրջ 10 հազար հատոր հաշւող եւ աւելի քան 8 հազար անուն գրքերով եւ բառարանների հարուստ հաւաքածոյով վերաբացւել եւ իր աշխատանքն է սկսել Հ. Մ. «Սիփան» միութեան «Պարոյր Սեւակ» գրադարանը:

Սասուն քաղաքամասի հայ ընթերցողներն այսպիսով ժամանակաւոր քուն մտած երկու՝ «Պարոյր Ստւակ» եւ «Ազգային առաջնորդարանի» գրադարաններից առաջինի վերաբացմամբ հնարաւորութիւն կունենան օգտւելու գրադարանային հնարաւորութիւններից, որը նաեւ ժամանակին յայտնի էր որպէս «Սիփան»-ի ընթերասրահ:

Այս կապակցութեամբ ուրբաթ՝ նոյերմբերի 7-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հանդիսաւոր միջոցառում, մասնակցութեամբ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ. Հ. Թ. առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, «ԱԼԻՔ» հաստատութեան, քաղաքամասի ծխատէր քահանայ հայրի ընկերակցութեամբ միւս հոգեւոր հայրերի, ուսուցիչների, եւ ազգային միութիւնների ներկայացուցիչների:

Նշելի է, որ միջոցառմանը մասնակցում էին նոյն գրադարանի տարբեր սերունդների գրադարանավարները նաեւ:

Միջոցառումը մեկնարկեց Նորիկ Ղարաբէգեանի կատարմամբ «Բարեւ» բանաստեղծութիւնով, որին յաջորդեց Ժիզէթ Տէր Օհանեանի միջոցով ընթերցւած բացման խօսքը:

Նա նշեց, որ «Պարոյր Սեւակ» գրադարանի վերաբացումը որպէս գաղափար զարգացել է «Սիփան» միութեան նախաձեռնած «քարտուղարութեան դասընթացներ» նախագծի իրականացման ընթացքում, եւ յաւելեց, որ գաղափարի իրականացման համար իրենց անվերապահ աջակցութիւնն են ցուցաբերել դասընթացներին մասնակցած կանայք:

Ընթացքում էկրանից ցուցադրւեց Սրբազան Հօր պատգամը, որով Տ. Սեպուհ արք. Սարգսեաը բարձր գնահատելով հայկական մշակոյթի զարգացման ճանապարհին ներդրած բոլոր ջանքերը, այդ թւոմ «Պարոյր Սեւակ» գրադարանի վերաբացումը, իր օրհնութիւնը տւեց նման նախաձեռնութիւնների իրականացնողներին:

Ընթացքում Սասունի շրջանի իր տարազով երգային կարտարմամբ ելոյթ ունեցաւ գրադարանի նախապատրաստական աշխատանքերի երիտասարդ մասնակից՝ Գիսանէ Աղասեանը:

Գիսանէի ելոյթին յաջորդեց գրադարանի գրքերի դասաւորման եւ գրանցման աշխատանքների մասին պատրաստւած մի տեսանիւթ: Ցուցադրւած տեսանիւթում ներկայացւած էր նաեւ «Քարտուղարութեան դասընթացներ»-ին մասնակցած կանանց այցը Նոր Ջուղա, որտեղ խումբն այցելել է Նոր Ջուղայի Մատնադարան:

Ծրագրի յաջորդ բաժնում միջոցառման կազմակերպիչ յանձնախմբի խօսքն ընթերցեց Ժիզէթ Տէր Օհանեանը: Նա նշեց, որ գրադարանի աշխատանքներն առաւել դիւրին եւ կառավարելի դարձնելու համար խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը միութեանն է նւիրել համապատասխան կարողութիւններով մի համակարգիչ:

Աւելի ուշ Ժիզէթ Տէր Օհանեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ գրադարանի վերաբացման աշխատանքներին օժանդակող անհատներից միայն երկուսն են միութենական, իսկ միւս օժանդակողները «քարտուղարութեան դասընթացներին» մասնակցած կանայք էին:

Նա նշեց նաեւ, որ դպրոցների գծով կան բազմաբովանդակ ծրագրեր, որոնք իրականացւելու են տարբեր ասպարէզներում աշխատող արւեստի գործիչների օգնութեամբ, ովքեր միջոցառմանը ներկայ էին յատուկ հրաւէրով:

Յաջորդիւ խօսք առաւ խորհրդարանի պատգմաւոր Արա Շահվերդեանը: Նա շանորհաւորելով գրադարանի վերաբացման կապակցութեամբ, նշեց, որ կը փորձի Իրանի ազգային գրադարանի պատասխանատուների հետ համատեղ հանդիպման առիթներ ստեղծել՝ բարելաււելու գրադարանային աշխատանքները, յատկապէս, նոր գրքերի հայթայթման հարցում:

Գնահատանքի իր խօսքն ուղղեց նաեւ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը: Հայկազ Շիրւանեանը պատմելով անցեալում գրադարանի ունեցած կարեւոր դերի մասին՝ նոր սերուդների դաստիարակման եւ նրանց գրքերի աշխարհի հետ հաշտեցնելու առումով, ակնարկեց նաեւ աշխատանքներն ու ծրագրերն արհեստական բանականութեան ժամանակաշրջանի հետ համապատասխանեցնելու կարեւորութիւնը:

Իր օրհնանքի եւ հայրական խօսքով ելոյթ ունեցաւ նաեւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Նա ողջունելով գիրն ու մշակոյթն իրար կապող կենտրոնների առաքելութիւնը պատմեց, որ դպրեվանքում ինքը եւս երկու տարի կատարել է գրադարանավարի պարտաւորութիւնները եւ կաշւի վրայ զգացել այս աշխատանքի բեռն ու ծանրութիւնը:

Նա յոյս յայտնեց, որ սկսած այս աշխատանքը կընդառաջւի երիտասարդ սերնդի կողմից, իհարկէ համապատասխան գրաւչութիւն ստեղծելու դէպքում:

Ընթացքում գնահատագրեր յանձնւեցին գրադարանի վերաբացման աշխատանքներին մասնակցած միութենականներին:

Պաշտօնական ծրագրի եզրափակիչ բաժնում ներկանները տեղափոխւեցին գրադանաի մուտքի մօտ, որտեղ սպասւում էր ժապաւէնի հատման արարողակարգը:

Թերթիս լրագրողի հետ զրոյցի ժամանակ լրագրող-վաւերագրող Մարիանա Աբրահամեանը նշեց, որ գրադարանի բացման մասին պատմող այս լուրը, տարբեր հանգամանքների բերումով, անկասկած, կարող է այս օրերին լինել միակը տարածաշրջանում: Նա յաւելեց, որ գրադարանի վերաբացումը թէեւ ողջունելի քայլ է, սակայն դա կազմակերպիչներին տանելու է դէպի աւելի դժւար ուղղութիւն՝ այն աշխատունակ պահելու առումով: «Առանց բիւջէի, առանց այդ էլ թանկութեանը չդիմացող գրքի գների հետ ձեռնամարտի դուրս չես գայ: Իսկ աշխատանքների առումով, կարծում եմ համայնքի արւեստի գործիչները պատրաստ կը լինեն համագործակցելու»,- նշեց նա:  

Նշենք, որ լսարանի վերածւած միջոցառման ներկաների շարքում աչքի էին ընկնում նաեւ ազգային մարմինների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, դպրոցների փոխտեսուչներ, ինչպէս նաեւ Կրօնական խորհրդի եւ Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները:

Related Articles

Back to top button