ԹեհրանՀամայնք

Դասախօսական երեկոյ՝ «Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի նոր մարտահրաւէրներ» խորագրով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի («ՀՈՒՍԿ» հաստատութեան) նախաձեռնութեամբ եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան համագործակցութեամբ, երէկ՝ հոկտեմբերի 21-ի երեկոյեան, միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ «Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի նոր մարտահրաւէրներ» խորագրով:

Օրւայ դասախօսն էր՝ թուրքագէտ, պատմական  գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանը: Դասախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայ ժողովրդին յուզող հարցերին, Հայաստանի դէմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրաւէրներին ու սպառնալիքներին, ՀՀ գործող իշխանութիւնների հակազգային քաղաքականութեանը եւ դրանց չէզոքացնելու հնարաւորութիւններին, «Սրբազան շարժման»-ը եւ հանրութեանը իրազեկելու կարեւորութեանը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանի ողջոյնի խօսքերից յետոյ, Հայ Դատի յանձնախմբի անունից Սարինէ Թորոսեանը ամփոփ գծերով ներկայացրեց օրւայ դասախօսին:

Իր ելոյթի ընթացքում դասախօսը շեշտեց թէ ի՞նչ է հնարաւոր կատարել ներկայ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար եւ ընդգծեց, որ ելքերին անդրադառնալու համար անհրաժեշտ է ժողովրդին մանրամասն իրազեկել այն ամէն մասին, որոնց դէմ-յանդիման է կանգնած այսօր Հայաստանը: Նա սկսեց ամենակարեւորից եւ նշեց որ 2023 թւականի սեպտեմբերից յետոյ, երբ կատարելապէս հայաթափւեց Արցախը, երկիրը կանգնեց աւելի բարդ իրավիճակի դիմաց քանի որ Արցախի յանձնումով Սիւնիքը դարձաւ խիստ խոցելի: Վարուժան Գեղամեանը նշեց, որ այսօր Սիւնիքը դարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հիմնական թիրախը, որի հետեւանքով խիստ վտանգւած են Հայաստանի ենթակառուցւածքները ինչպէս՝ կարեւոր նշանակութեամբ ճանապարհ համարւող Գորիս-Կապանը, որը ադրբեջանական վերահսկողութեան տակ է: Նա յաւելեց, որ այս պահի դրութեամբ Սիւնիքի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերի ջրային ռեսուրսները կատարելապէս Ադրբեջանի վերահսկողութեան տակ են, այսինքն Հայաստանի ջրային եւ էներգետիկ ռեսուրսները լրջօրէն վտանգւած են, իսկ Ադրբեջանն այդ տարածքներից նաեւ շատ արագ կարող է ներխուժել Հայաստանի բոլոր սահմաններից ներս:

Իր ելոյթի ընթացքում դասախօսը հանգամանօրէն անդրադարձաւ Ադրբեջանում պահւող հայ գերիների ու պատանդների մասին, ընդգծելով որ նրանց ազատ արձակման հարցը օր առաջ պէտք է բարձրացւի միջազգային ատեաններում: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի հետ բարեկամ եւ համընդհանուր շահեր ունեցող Իրանի հետ յարաբերութիւններն աւելի զարգանցելուն, եւ «Հիւսիս-հարաւ» ճանապարհի շինարարութեանը թափ հաղորդելուն: Նա ընդգծեց նաեւ, որ անհրաժեշտ է հայ գործարարների ուշադրութիւնը սեւեռել Իրանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը:

Իր ելոյթի ընթացքում դասախօսը  նշեց, որ այս պահին Հայաստանի համար գլխաւոր խնդիրը՝ գործող իշխանութեան արդիւնաւէտ քաղաքականութեան բացակայութիւնն է եւ  ահնրաժեշտ համարեց ներկայ ճգնաժամային կարգավիճակից դուրս գալու համար չյուսահատւել եւ համախմբել հայ ժողովրդի ներուժը: Վարուժան Գեղամեանը կարեւոր համարեց Սփիւռքի ու Հայ Դատի գրասենեակների աշխատանքները միջազգային հանրութեան մօտ ադրբեջանաթուրքական վայրագութիւնները բացայատելու հարցում:

Երեկոյին ներկայ էին՝ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը, միութիւնների ու մարմինների ներկայացուցիչները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Վերջում ներկաներին հարցումների առիթ տրւեց:

Related Articles

Back to top button