ԱՆԴԱՄԱԼՈՅԾ ԱՊՐԻԼԻ 24-Ը

Ազգային մեծագոյն տօնի, Ապրիլեան մեր սուրբ նահատակների շնչով թարմանալու եւ դարմանւելու օրն ենք ապրում ամէն տարի, Ապրիլի 24-ին:
Նորօրեայ մեր հերոս նահատակների, եւ դեռեւս իրենց կենդանի շնչով մեզ պայքարի ոգի փոխանցող, անդամալուծւած վիրաւորների ներկայութիւնը, անցեալն ու ներկան, հինն ու նորը իրարու կամրջող եւ շղթայող ոյժեր են, հայ ժողովրդի ազատութիւնը երգող ու կերտող: Ինչքան էլ սահեն ժամանակները, չորանան ու փտեն նահատակների աճիւնները, նրանց թողած կտակը չի՛ մոռացւի, սերունդների ամբողջ երկայնութեան վրայ:
24 Ապրիլի առաւօտը միշտ անամպ երկինք է բացում, ո՛չ սովորական իմաստով՝ բնութենական երկինքը, այլ հայի հոգում բացւող յոյսի լոյսը՝ վառ ապագայի տեսիլքով օծուն արշալո՛յսը:
Ժողովուրդների պատմագրքում կրկնւող տխուր երեւոյթները վերարծարծում են ցաւալի նիւթեր, երկրորդ կնիքը դրոշմելով նոր ողբերգութիւններ նկարագրող պատմութեան էջատակին:
Ողբերգութիւններով լի, եւ պատերազմական սպառնալիքներով սարսափազդու ներկայ ժամանակներին, անդրաշխարհեան իրենց կացարաններից պատգամներ են յղում բոլոր ազգերի նահատակները, խելքի հրաւիրելով այն բոլոր ղեկավարներին, որոնց համար մարդկային կեանքը անարժէք իրականութիւն է: Նրանք չեն հասկանում, որ Աստծու նման ստեղծագործ, եւ կեանքի տւիչ լինելը, շատ աւելի ծանրակշիռ հանգամանք է, քան այն խլելը, անիմաստ եւ անվերադարձ կորստի մատնելով մարդկային կեանքը:
Իսկ ի՞նչ է վերապրած անդամալոյծների փոխանցած պատգամը…
Ներկայ յառաջադէմ աշխարհը չափազանց խօսուն է այն պատկերներով, որոնք զարդարում են քաղաքակիրթ կեանքը: Այսօր, զարգացած երկրների քաղաքակրթութիւնը լուսաւոր ապագայ է կերտում նրանց համար, որոնց մարմնական թերութիւնը արգելքներ է սահմանել տւեալ ենթակայի առօրեայ կեանքին: Ի ծնէ, պատերազմական կացութեան, եւ կամ յանկարծական արկածի հետեւանքով անդամալուծւած անձերը, ոչ անդամալուծւածների նման բնականոն կեանք ապրելու բարիքներով են օժտւում, միշտ առաջնակարգ դիրքերում տեղ գրաւելով: Այո՛, միտքն է կարեւոր, եւ ո՛չ թէ մարմինը, որի թերութիւնն իսկ չի՛ կարող ներկայիս հաւաքական կեանքից հեռացնել անդամալոյծ էակին:
Աշխարհի քաղաքականութիւնը, իր դառնապիղծ խաղերով այնպիսի կեղտոտութիւններ է իրականացնում, որ մեծատէր պետութիւնների ձեռքում անվերջ ոլորւող բանալիների տրցակի առօրեայ զբաղման վրայ է կենտրոնացնում լրատւամիջոցների տեղեկատւական ոսպնեակը:
Ո՞վ է յիշում 1915 թւին ազգովին անտէր ու անտիրական դարձած մեր ժողովրդի կրած ահն ու սարսափը, դարաւոր իր հայրենիքից ու ծխանի երդիքի տակից դուրս շպրտւելու ցաւագին իրողութիւնը…: Ժամանակը, պատմութեան մնայուն դատաւորը լինելով հանդերձ, նա էլ փոշոտ վերմակի տակ ծւարած մնալու սովորութիւնն է կիրառում, երբ աշխարհի աղմուկը վերաբերւում է միեւնոյն դառնութիւնը կրող ազգերի նորօրեայ դէպքերին:
Ապրիլի 24-ի արիւնախում պատմութեան անվաւեր ու անպատիժ մնալու, եւ քաղաքակիրթ աշխարհի քաղաքականացած անկրթութեան հետեւանքով կրկնւող դժբախտութիւնները, աղւէսադրոշմն են կազմելու, զարգացած երկրների ղեկավար համարւող, անցեալի եւ ներկայի հպարտ անձանց մազազուրկ, եւ լա՜յն ճակատների վրայ:
Անդամալոյծ Ապրիլի 24-ը, ներկայումս հպարտութեամբ իր անւակառքն է քշում, երկոտանի առողջ քաղաքացիների եւ համալսարանական բարձրագոյն վկայականներով մեծամտացած ազգերի հերթի առջեւից…: Արդի քաղաքակրթութիւնը, իր զարգացած լինելը շռայլօրէն փաստելու համար, համաձայն է անդամալոյծների առաջին շարքերում լինելու օրինականութեան. սակայն 24 Ապրիլի անդամալոյծին խնամող կա՞յ միթէ:
Ահա՛ անդամալոյծ Ապրիլի 24-ը նորից հրապարակ է եկել, եւ բարձրաձայնելով իր կանչը, կոչ է ուղղում իրենք իրենց քաղքենի եւ զարգացած համարող արեւմտեան բոլոր պետութիւններին: Այսօր նրանցից ո՞վ է յիշում Դերզորի անապատներում աւազակուլ եղած հայերին, որոնց արիւնը դեռ չի նօսրացել, արդարութիւն պահանջելով: Ցեղասպանութիւնից հրաշքով փրկւած եւ գաղթականութիւնից վերապրած մեր մեծպապերի եւ մեծմայրերի լացն ու ողբը, դեռեւս մեր ականջներում է հնչում, մինչ անբան ու անխօս աշխարհը, մէկուկէս միլիոնի անպատիւ ջարդարարի հետ պատւոյ քաղաքականութեան սէր է բեմադրում, միջազգային թատերաբեմերում…:
Անպատւութիւնն ու փողը աստւածացնողները, աշխարհում ոճիրներ ու պատերազմներ հրահրողներն են: Սրանք պատմութեան են ներկայանում իբրեւ բարոյական հսկիչները մարդկային կեանքի, իրենց պոռնկական ժպիտի ետին թաքցրած կեղծիքն ու սեփական անկուշտ շահը:
Ընկերական կեանքում պատկերը չի՛ տարբերւում քաղաքական ցուցադրասրահի վաճառականական մթնոլորտից: Այստեղ յիմարները բարձր պաշտօններ են զբաղեցնում, ստրկական պատառոտած ցնցոտիների փաթաթւած, սակայն մեծամտութեամբ յղփացած: Իսկական անդամալոյծները սրանք են, սակայն երկու ոտքի փոխարէն՝ չորս հատով «ճոխացած»…: Աւելին, սրանք մի հատ էլ անասնական պոչով են հարստացած, հարկ եղած դէպքում այն շարժելու, եւ նայողներին հաճոյք պատճառելու համար:
Տիրապետող, բայց միաժամանակ անգիտակից ու ստրկացած մարդիկ, դատաւորի շրջազգեստով բեմահարթակ բարձրանալու ունակ են լինում միշտ, մինչ նրանց գլխից անպակաս է տխմարների յատուկ բաբախը: Դրանով են ճանաչւում նման անձեր, նոյնիսկ բազմահազար թւով մարդկանց շարքերում: Երբ անդամալոյծները, սրանց հետ միասին լինելու ժամանակ աւելի են յարգւում, դա մեծ ոխով է պատում տմարդիների մգացած սիրտը: Ուրեմն, անդամալուծութիւնը հաւաքական կեանքից բացի, անհատական յարաբերութիւնների դէպքում եւս ունի աւելի բարձր դիրք…: Նախապէս անկարող համարւող անդամալոյծը, որի զբաղեցրած աննշան պաշտօնն ու անշուք դիրքը անցեալում հաճոյք էր պատճառում շրջապատի մարդկանց, ներկայում այն սկսել է բոլորին ապշեցնող եւ նախանձ գրգռող հանգամանքի փոխակերպւել, անդամալոյծի հեղինակութեան վճռական քայլ պարգեւելով:
Արդարութեան հովանաւորը Աստւած ինք է: Նրա շւաքի տակ պաշտպանւած անդամալոյծը, այն լինի ազգ կամ անհատ, անպայման արժանանալու է Նրա գութին եւ ողորմութեանը:
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
24 Ապրիլ, 2025
Տօն Սրբոց Նահատակացն Ազգիս Հայոց
Ազգային առաջնորդարան, Թաւրիզ