Իրանահայ վերլուծաբան. «Ամերիկեան զօրավարժութիւնները ՀՀ-ում սպառնալիք են նաեւ Իրանի համար»
Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի համար կարեւոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը եւ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափոյթ իրականացումը: Այս յայտարարութիւնները ի՞նչ հակազդեցութեան կարող են հանդիպել Իրանի կողմից։ Եւ առհասարակ, ի՞նչ զարգացումներով է այն յղի, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի հետ, ով բաւականին ուշագրաւ պատասխան տւեց.
-Ի պատասխան ձեր հարցին պէտք է ասեմ, որ կայ չգրւած օրէնք, որ յաղթած կողմը փորձում է ստանալ ամէն ինչ պարտւած կողմից եւ այս պահին էլ Թուրքիան փորձում է ամէն բան ստանալ Հայաստանից։ Մենք ունենք պարտւած իշխանութիւն, որը նաեւ ապազգային է, ունենք նաեւ անտարբեր ժողովուրդ Հայաստանում, ինչը հնարաւորութիւն է տալիս Թուրքիային, որ ստանայ ամէն ինչ։ Սա նորութիւն չէ, քանի որ Թուրքիան երկար տարիներ է սպասել այս պահին, իսկ հիմա շատ յարմար պահ է Սիւնիքի համար, որին շատ երկար են սպասել, որ ձեռք բերեն Ադրբեջանի հետ միասին։ Իսկ Իրանը բազում անգամներ յայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանը իրենց կարմիր գիծն է եւ Իրանն այս մասին զգուշացրել է տարբեր մակարդակներով՝ թէ՛ Ադրբեջանին, եւ թէ՛ Թուրքիային։ Յատկապէս նրանց վերջին հանդիպմանը, երբ Իրանի ԱԳ նախարարը հանդիպեց Հաքան Վիդանի հետ շատ յստակ այս հարցի մասին տեղեկացրել են։ Բայց ինչով յղի կը դառնայ այս ամէնը, եթէ ռազմական բախման գնան Ադրբեջանն ու Հայաստանը, այս պահին չեմ կարող ասել, թէ ինչ կը լինի Իրանի դիրքորոշումը, նրանք ուղղակի կը մասնակցեն պատերազմին, թէ՞ ոչ։
–Ինչպէ՞ս կը գնահատէք այսօր առկայ Ռուսաստան–Իրան եւ Իրան–Հայաստան յարաբերութիւնները եւ ի՞նչ զարգացումներ էք կանխատեսում առաջիկայում:
-Ռուսաստանի եւ Իրանի շահերը համընկնում են տարածաշրջանում, ինչի արդիւնքում ամենաբարձր ձեւով համագործակցում են, բայց հայ-իրանական յարաբերութիւնների առումով պէտք է ասեմ, որ Իրանը մեծ դեր ունի Հայաստանի հանդէպ, ինչպէս նաեւ հանդուրժել եւ դեռ շարունակում են ներկայիս իշխանութիւններին պահելով այն բարձր մակարդակի վրայ։ Ինչ վերաբերում է ամերիկեան զօրավարժութիւններին Հայաստանում, ապա եթէ այն մտահոգել է Ռուսաստանին, պէտք է ասեմ, որ աւելի շատ մտահոգել է նաեւ Իրանին։ Արդէն իրանական որոշ վերլուծաբաններ խօսում են այդ մասին եւ Հայաստանին մեղադրում են նշելով, որ իրենք ամէն առումով եղել են իրենց կողքին, բայց վերոնշեալ զօրավարժութիւնները սպառնալիք են Իրանի համար։
«iravunk.com»