Կրեմլն արձագանգել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերութեան մասին ստորագրւած փաստաթղթին

«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերութեան զարգացումը Երեւանի ինքնիշխան իրաւունքն է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բոլոր երկրների, այդ թւում՝ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրաւունքն է: Ռուսաստանի Դաշնութիւնը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարաւային Կովկասում, աւելի շուտ՝ ընդհակառակը:
Նա յաւելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի իր երկկողմ յարաբերութիւնները եւ դրանք ռուսական պետութեան համար թանկ են։ Ամենակարեւորը, ըստ Պեսկովի, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներն են։
«Բացի երկկողմ շփումներից, մեզ համար, իհարկէ, շատ կարեւոր են մեր փոխգործակցութեան ասպեկտներն ինտեգրացիոն գործընթացների, այդ թւում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում։ Այս ամէնը համագործակցութիւն է, որը զգալի դիւիդենտներ է ապահովում Հայաստանի եւ նրա ժողովրդի համար»,- ասել է Պեսկովը: