Լաւրովը Սլովակիայի խորհրդարանի փոխխօսնակի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յունւարի 14-ին հանդիպում է ունեցել Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ Անդրէյ Դանկոյի հետ․ հանդիպման ընթացքում քննարկւել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, յայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը։ Հաղորդում է News.am-ը:
Հաղորդագրութեան համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցութեան հեռանկարները, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում։ «Նշւել է երկու երկրների խորհրդարանականների երկխօսութեան վերսկսման կարեւորութիւնը։ Տեղի է ունեցել կարծիքների շահագրգիռ փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թւում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերեալ։ Ռուսական կողմը մանրամասն բացատրութիւններ է տւել հակամարտութեան նախապատճառների եւ ծագման վերաբերեալ, շեշտադրւել է «հաւաքական Արեւմուտքի» դիրքորոշման հակաարդիւնաւէտութիւնը, որը շարունակում է Կիեւի ռեժիմին «սնուցել» զինամթերքով։
Երկու կողմերից էլ ընդգծւել է պատմական ժառանգութեան նկատմամբ զգուշաւոր վերաբերմունքի, մշակութային կապերի եւ փոխանակումների պահպանման կարեւորութիւնը»,- ասւած է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութեան մէջ։