Լաւրովը Հայաստանի ինքնիշխան որոշումն է համարում ԱՄՆ-ի հետ գործընկերութեան համաձայնագրի ստորագրումը
«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերութեան համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երեւանի ինքնիշխան որոշումն է, ՌԴ-ն ոչ մէկին չի թելադրում, թէ ում հետ պէտք է համագործակցել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը մամուլի ասուլիսում։
«Երէկ (յունւարի 13-ին, ԽՄԲ.) ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյեանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքէնի հետ ստորագրել է համաձայնագիր՝ ռազմավարական գործընկերութեան պայմանագիր։ Բայց սա երկու պետութիւնների ինքնիշխան որոշումն է»,- համոզւած է Լաւրովը։
Նրա խօսքով՝ գլխաւորը ոչ թէ այն է, թէ ով ինչ է ստորագրել եւ ինչ է կոչւում փաստաթուղթը, այլ այն, թէ ինչ է բխում դրանից։ «Մենք օգտագործել ենք «ռազմավարական գործընկերութիւն» տերմինաբանութիւնը արեւմտեան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք՝ այդ պայմանագրերը, երբեք, ռազմավարական գործընկերութիւն հռչակելով, չեն պահանջել այս կամ այն մասնակցից գործել երրորդ երկրի դէմ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։