Աւստրիայի Սանկտ Փիոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հաւաքը

Փետրւարի 17-ին Աւստրիայի Սանկտ Փիոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հաւաքը, որին մասնակցում էին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան քսանհինգ արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թւում՝ Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւններից։
Առաւօտեան ժողովականները մասնակցեցին Արեւագալի ժամերգութեանը։ Հոգեւոր խորհրդածութիւնից եւ աղօթական առանձնացումից յետոյ յետմիջօրէի մեկնարկեց հաւաքը։
Եպիսկոպոսաց հաւաքը բացւեց Տէրունական աղօթքով, որին յաջորդեց միասնութեան մասին Պօղոս Առաքեալի՝ եփեսացիներին ուղղւած նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խօսքն ու պատգամն առցանց յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Այնուհետեւ մասնակիցներին իրենց ուղերձը յղեցին նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը։
Օրակարգի քննարկումից եւ հաստատումից յետոյ ընտրւեց դիւանը՝ վարելու Եպիսկոպոսաց հաւաքի հետագայ աշխատանքները։
Նոյն օրը Սանկտ Փիոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցութեամբ տեղի ունեցաւ Երեկոյեան ժամերգութիւն, որի առիթով նրանց իր ողջոյնի խօսքը յղեց Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փիոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շւարցը։
Դիւան Եպիսկոպոսաց հաւաքի



