Իսակ Իւնանէսեան. «Իրանին միշտ մտահոգում է երկու բան՝ կապը դէպի Սեւ ծով եւ Ռուսաստան չկտրւի, չշրջափակւի պանթուրքիստական գօտով»
Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանն այն կարծիքին է, որ վերջին օրերի Իրանի ակտիւութիւնը փաստում է՝ Հայաստան-Իրան սահմանի՝ «կարմիր գիծ» լինելու վերաբերեալ արւած յայտարարութիւնները լոկ խօսքեր չեն:
«Իրանին միշտ մտահոգում է երկու բան՝ Իրանի կապը դէպի Սեւ ծով եւ Ռուսաստան չկտրւի, Իրանը չշրջափակւի պանթուրքիստական գօտով, որովհետեւ բոլորս լաւ գիտենք, որ Իրանի հիւսիս-արեւելքում ապրում են 13-14 միլիոն իրանցի ազերիախօսներ, որը միշտ եղել է պանթուրքիզմի թիրախում: Իրանը լաւ գիտակցում է, որ եթէ Սիւնիքում միջանցք բացւի, եւ Հայաստանի սահմանը կը տրւի Իրանի հետ, նա այդ հատւածով լրիւ շրջապատւելու է թուրքալեզու երկրներով: Այս երկու պատճառով է, որ վերջին օրերին մենք տեսնում ենք Իրանի աննախադէպ ակտիւութիւնը եւ աննախադէպ կոշտ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, որը նախկինում չէինք տեսնում: Երէկ լուրերով Իրանի ԱԺ անվտանգութեան յանձնաժողովի նախագահը յայտարարեց՝ անհրաժեշտ է, որ Իրանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին նորեն զօրավարժութիւն ունենայ, եւ մենք ցոյց տանք, որ չենք նահանջում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Tehran Times-ը գրել էր, որ Բաքւի եւ Անկարայի պահանջին Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային աջակցութիւնը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թէ Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է՝ որպէս «կարմիր գիծ»:
Իսակ Իւնանէսեանը նկատել է՝ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ կարող է անտեսել Իրանի շահերը. «Նման օրինակը տեսել ենք Սիրիայում, երբ որոշ տեղերում Իրանի եւ ՌԴ շահերը չեն համընկել եւ Իրանը Սիրիայում էլ դժգոհ է եղել ՌԴ դիրքորոշումներից: Բայց Լաւրովի յայտարարութիւնը… Կարծում եմ, որ 2020 թ. նոյեմբերին է Հայաստանի կողմից իրաւունքը տրւել, նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտում չկայ, որ միջանցք պէտք է լինի, բայց ես կարծում եմ, որ հէնց այդ ժամանակ էլ Հայաստանի իշխանութիւնները համաձայնել են միջանցքի հարցում, եւ Լաւրովի ասածն էլ հեռու չէ դրանից: Հիմա մտածում են, թէ ինչպէս դա մատուցեն Իրանին եւ Հայաստանի ժողովրդին: Իրանի մասով՝ գուցէ սա փորձ էր Լաւրովի կողմից, որ Իրանի արձագանգը տեսնեն, թէ ինչ աստիճանի այն կը լինի: Միջանցքի հարցը կը փորձեն տարբեր ուժեր Իրանի հետ քննարկել եւ համոզել, եւ ինչքան Իրանը կարող է իր սկզբունքներից հետ քաշւել, իր կարմիր գծերը անտեսել, այս պահին չեմ կարող ասել»:
Հարաւկովկասեան հարցով փորձագէտ Սալար Սէյֆոդին համոզված է՝ իրանցիները կը դիմադրեն «Զանգեզուրի միջանցք»-ին, նոյնիսկ, եթէ ռազմական միջամտութեան կարիք լինի:
«Սէյֆոդին իմ ընկերն է, կարդացել եմ նրան: Իրանցի տարբեր պաշտօնեաներ մեզ ասել են, որ Իրանի կողմից միայն խօսք չէ, կատակ չէ, եթէ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից յարձակում լինի, մենք ռազմական միջոցների կը դիմենք: Եթէ Հայաստանն ինքը համաձայնի, որ Սիւնիքով միջանցք տրւի, արդեօ՞ք Իրանն այդ պարագայում կը գնայ ռազմական միջամտութեան, ինձ համար դա հարց է: Հայաստանի իշխանութիւնների ցանկութեան պարագայում ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ տարածաշրջանում»,- ընդգծել է Իսակ Իւնանէսեանը: