Մոսկւան հաւատարիմ է Զանգեզուրի վերաբերեալ Թեհրանի հետ նախկին պայմանաւորւածութիւններին
«ԱԼԻՔ» – Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը Ռուսաստանում է՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգութեան բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպմանը:
Այցի շրջանակում, երէկ՝ սեպտեմբերի 10-ին, Ահմադիանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, անվտանգութեան եւ տնտեսական ոլորտներում երկկողմ յարաբերութիւնները: Նրանք անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային ու միջազգային կարեւորագոյն զարգացումներին, այդ թւում՝ միջանցքների եւ էներգետիկայի խնդիրներին:
Ընդգծւած անդրադարաձ է կատարւել նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային: Ինչպէս հաղորդում են իրանական լրատւամիջոցները՝ Սերգէյ Շոյգուն ընդգծել է Սիւնիքի (Զանգեզուր) նկատմամբ պաշտօնական Մոսկւայի յստակ, կայուն եւ անփոփոխ քաղաքականութիւնը:
«Մոսկւան հաւատարիմ է Զանգեզուրի վերաբերեալ Թեհրանի հետ նախկին պայմանաւորւածութիւններին, եւ մեր քաղաքականութիւնն այս հարցում որեւէ կերպ չի փոխւել»,- ասել է Շոյգուն:
Անդրադառնալով Պարսից ծոցի իրանական եռեակ կղզիների թեմային, որոնց նկատմամբ անհիմն հաւակնութիւններ ունի ԱՄԷ-ը, ՌԴ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը յայտարարել է. «Իրանական երեք կղզիների հետ կապւած՝ Ռուսաստանը պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը»: