Մարզահամերգային համալիրը հրաժարւել է դահլիճ տրամադրել Արցախի անկախութեան օրւայ միջոցառման համար
«ԱԼԻՔ» – Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրը յայտարարութիւն է տարածել՝ աղաւաղելով փաստերը։ Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին Ֆէյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիէլեանը։
«Եւս մէկ անգամ հաստատում եմ, որ մարզահամերգային համալիրի տնօրինութիւնը փաստացի հրաժարւել է «Սրբազան պայքար» շարժման միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրելուց։
Այս ընթացքում անընդհատ փորձել եմ կապ հաստատել տնօրինութեան հետ՝ հասկանալու մերժման պատճառները։
Ինձ հետ զրոյցում մարզահամերգային համալիրի տնօրէն Կարէն Ղազարեանը մերժումը պատճառաբանել է այլ պայմանաւորւածութիւնների առկայութեամբ։ Առաջարկել եմ քննարկել այլ հնարաւոր տարբերակներ։ Կարէն Ղազարեանը առաջարկել է հնարաւոր տարբերակները քննարկել հանդիպման ընթացքում, որն այդպէս էլ չի կայացել վերջինիս խուսափողական վարքագծի պատճառով։
Այսպիսով, փաստացի որեւէ կերպ հնարաւոր չի եղել դահլիճ ամրագրել «Սրբազան պայքար»-ի միջոցառման անցկացման համար։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի միջոցառման անցկացման համար դահլիճ տրամադրելուն, ինչի մասին խօսում է Կարէն Ղազարեանը, հարկ եմ համարում նշել, որ ՀՅԴ-ն պաշտօնապէս դիմել էր մարզահամերգային համալիրին՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախութեան օրւան նւիրւած միջոցառում անցկացնելու համար, ձեռք էր բերւել համաձայնութիւն, անգամ կնքւել էր պայմանագիր։ Սակայն, պայմանագրի կնքումից մի քանի օր անց անտրամաբանական պատճառաբանութեամբ մարզահամերգային համալիրի տնօրինութիւնը հրաժարւել է սեպտեմբերի 2-ին դահլիճ տրամադրել ՀՅԴ-ին միջոցառման անցկացման համար, պատճառաբանելով, որ ունեն այլ նախնական պայմանաւորւածութիւններ։
Որպէս այլընտրանք ներկայացրել են սեպտեմբերի 2-ին Արցախի անկախութեան օրւան նւիրւած միջոցառումը սեպտեմբերի 4-ին անցկացնելու տարբերակը, որը մերժւել է հասկանալի պատճառներով։
Այսպիսով, մի քանի դրւագով մարզահամերգային համալիրի տնօրինութիւնը դրսեւորել է անպատասխանատու վարքագիծ, անգամ խախտել է նախօրօք ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը եւ կնքւած պայմանագիրը։
Վերոնշւած փաստերը վկայում են այն մասին, որ խնդիրը ոչ թէ յարմար օրերի, այլ մարզահամերգային համալիրի տնօրինութեան նախատրամադրւածութեան մէջ է, որով վերջիններս ցանկանում են սաբոտաժի ենթարկել ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպւող միջոցառումները»,- գրել է նա: