
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, երէկ՝ երեկոյեան հանդիպել է Հանրապետութեան նախագահի եւ կառավարութեան անդամների հետ:
Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յատուկ կարեւորութեամբ անդրադարձել է երկրում առկայ տնտեսական խնդիրներին: Նա ժողովրդի կենսամակարդակի հարցը անւանել է երկրի ամենակարեւոր խնդիրներից մէկը՝ ընդգծելով շուկան կարգաւորելու եւ գների անվերահսկելի աճի վերաբերեալ ժողովրդի մտահոգութիւնները լուծելու անհրաժեշտութիւնը:
Այաթ. Խամենէին կարեւոր ցուցումներ է տւել գործադիր իշխանութեանը «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն վիճակի» նկատմամբ «աշխատանքի, ջանքի եւ յոյսի մթնոլորտի» գերակայութեան, արատադրողականութեան հզօրացման, նպատակային որոշումների կայացման եւ դրանց արդիւնաւորման, առկայ հնարաւորութիւնները եւ առիթները լաւագոյնս իրացնելու, կարեւոր խնդիրների կարգաւորման նպատակով կոնսեսուսի հասնելու, բնակարանային խնդիրները լուծելու եւ միջոցների անտեղի վատնումից խուսափելու վերաբերեալ:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ղեկավար պաշտօնեաներին եւ հրապարակախօսներին, որոնք անմիջական կապի մէջ են ժողովրդի հետ, յորդորել է ընդգծել երկրի ուժեղ կողմերն ու մեծ հնարաւորութիւնները՝ խուսափելով թուլութիւնների եւ անկարողութիւնների մասին անտեղի պատումներից :
Նա ընդգծել է երկրում առկայ տնտեսական խնդիրների եւ ժողովրդի կենսամակարդակի հետ կապւած դժւարութիւնների կարգաւորման անհրաժեշտութիւնը՝ նշելով. «Խնդիրները լուծելիս մենք չպէտք է սպասենք արտաքին զարգացումներին: Իհարկէ, այս առումով, բոլորը պարտականութիւններ ունեն կատարելու, բայց մենք պետք է յաղթահարենք «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն վիճակը», որը թշնամին փորձում է պարտադրել՝ մոտիւացիայով, վճռականութեամբ, յոյսով եւ աշխատանքի ու ջանքերի ոգով, քանի որ այս վիճակը վնասակար եւ վտանգաւոր է երկրի համար»:
Այս համատեքստում, այաթ. Խամենէին կարեւորել է արտադրողականութեան եւ արտադրական միաւորումների հզօրացումը, առաջին անհրաժեշտութեան ապրանքների ժամանակին եւ լիարժէք ապահովումը, շուկայի կարագւորումը եւ գների անվերահսկելի աճի վերաբերեալ ժողովրդի մտահոգութիւնները լուծելը եւ ձմռան համար գազի անհրաժեշտ պաշարների ապահովումը:
Իր ելոյթի վերջին հատւածում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների եւ դրանց պատճառած աղէտներին՝ նշելով. «Թէեւ այս յանցագործութիւնները կատարւում են ԱՄՆ-ի նման տէրութեան անմիջական աջակցութեամբ, այդուհանդերձ այս իրավիճակին հնարաւոր է դիմակայել: Իրավիճակից դժգոհ երկրները, մասնաւորապէս իսլամական երկրները պէտք է ամբողջութեամբ խզեն իրենց առեւտրային եւ նոյնիսկ քաղաքական յարաբերութիւնները սիոնիստական ռեժիմի հետ եւ մեկուսացնեն նրան»:
Այաթ. Խամենէին սիոնիստական ռեժիմին համարելով աշխարհի ամենամեկուսացած եւ չսիրւած ռեժիմը՝ յաւելել է. «Մեր դիւանագիտութեան հիմնական ուղղութիւններից մէկը պէտք է լինի այլ կառավարութիւններին խրախուսել խզել առեւտրային եւ քաղաքական յարաբերութիւններն այս յանցաւոր ռեժիմի հետ»։