Այլ

Ցածր եւ ոչ կալորիական քաղցրացուցիչները արագացնում են յիշողութեան եւ ճանաչողական ֆունկցիաների անկումը

Ցածր եւ ոչ կալորիական քաղցրացուցիչները արագացնում են յիշողութեան եւ ճանաչողական ֆունկցիաների անկումը։ Այս եզրակացութեան են եկել Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գիտնականները։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Neurology ամսագրում։

Նատալիա Գոմես Գոնսալւեսի ղեկավարութեամբ կատարւած աշխատանքում վերլուծւել է ցածր եւ ոչ կալորիական քաղցրացուցիչների (LNCS) սպառման եւ ճանաչողական անկման միջեւ կապը։ Ուսումնասիրութիւնը հիմնւած է Բրազիլիայի մեծածաւալ նախագծի տւեալների վրայ՝ նւիրւած մեծահասակների առողջութեան ուսումնասիրութեանը (Brazilian Longitudinal Study of Adult Health), որն ընդգրկել է 35 տարեկանից բարձր պետական ծառայողների։

Սննդակարգը գնահատելու համար օգտագործւել է սննդամթերքի սպառման յաճախականութեան հարցաթերթիկ, որի հիման վրայ հաշւարկւել է եօթ տեսակի քաղցրացուցիչների ընդհանուր եւ անհատական սպառումը։

LNCS-ի միջին օրական սպառումը կազմել է 92,1 ± 90,1 մգ՝ 12,772 մասնակիցների մօտ։ Ութամեայ դիտարկման ընթացքում պարզւել է, որ մինչեւ 60 տարեկան մարդկանց մօտ քաղցրացուցիչների օգտագործումը բաշխման վերին երրորդում կապւած է եղել խօսքի սահունութեան եւ գլոբալ ճանաչողական ֆունկցիաների արագացւած անկման հետ։ 60 տարեկանից բարձր մասնակիցների մօտ նման կախւածութիւն չի յայտնաբերւել։

Միեւնոյն ժամանակ, յատկապէս արտայայտւած կապ է դիտւել առանձին քաղցրացուցիչների՝ ասպարտամի, սախարինի, ացեսուլֆամ Կ-ի, էրիթրիտոլի, սորբիտոլի եւ քսիլիտոլի օգտագործման եւ յիշողութեան, խօսքի սահունութեան ու գլոբալ ճանաչողական ֆունկցիոնալութեան վատթարացման միջեւ։ Առանց շաքարախտի մարդկանց մօտ քաղցրացուցիչները կապւած են եղել խօսքի սահունութեան աւելի արագ անկման հետ, իսկ շաքարախտով մասնակիցների մօտ՝ յիշողութեան եւ ընդհանուր ճանաչողական ունակութիւնների վատթարացման հետ։

«Ցածր եւ ոչ կալորիական քաղցրացուցիչները յաճախ ընկալւում են որպէս շաքարի օգտակար այլընտրանք, սակայն մեր տւեալները ցոյց են տալիս, որ դրանցից որոշները կարող են երկարաժամկէտ հեռանկարում բացասական ազդեցութիւն ունենալ ուղեղի առողջութեան վրայ», – նշել է հետազօտութեան համահեղինակ, բժշկական գիտութիւնների դոկտոր Կլաուդիա Կիմիէ Սուեմոտօն։

News.am

Related Articles

Back to top button