Ռուսաստանի հարցերով փորձագէտ Շոէյբ Բահմանը «Ֆարհիխթեգան»-ի հետ զրոյցում. «Անվտանգային բարդ իրավիճակը դեռ շարունակւելու է Կովկասում»
«ԱԼԻՔ» – Տարածաշրջանում սպասւող զարգացումները հասկանալի պատճառներով կապւած են ռուս-ուկրաինական եւ պաղեստինա-սիոնիստական հակամարտութիւնների արդիւնքների հետ: Մի կողմից միջանցքների ձեւաւորման ճանապարհային քարտէզը, թելադրող հիմնական խաղացողներից երկուսին՝ Մոսկւային եւ Թել Աւիւին մաշեցնող պատերազմների մէջ ներքաշման խնդիրը, միւս կողմից ճանապարհին յայտնւած փոքր ու մեծ պետութիւնների հետ հաշւի նստել-չնստելու խոչընդոտը, գալիս են յուշելու, որ բնական դաշնակիցների հետ յարաբերութիւնների հարցում երկիրը շրջադարձային փոփոխութիւնների տանելը կարող է ճակատագրական աւարտի բերել ամէն ինչ:
Սրան յաւելենք կովկասեան տարածաշրջանը երկու բլոկի վերածող միջանցքների՝ «Հիւսիս-հարաւ»-ի եւ «Թրանս Խազար»-ի (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի) վրայ յայտնւած եւ նոր պատերազմ տեսած պետութիւններում արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցի միաժամանակ առաջ քաշումն ու քննարկումները, որով ոչ միայն փորձ է արւելու սպասւող իրադարձութիւնների ամբողջ պատասխանատւութիւնը բարդել ընտրող ժողովուրդների վրայ, այլեւ՝ միջազգային հանրութեան աչքին եւ սառը պատերազմի այս փուլում ընդգծել հակառուսական տրամադրութիւնների բարձրացման փաստը:
Իրանական մեդիադաշտի հոտառութիւնը եւս նկատել է ձեւաւորումների այդ տեսակի վտանգները, որի հետ կապւած են համարում Իրանի նախագահի Մոսկւա կատարած այցի կարեւորութիւնը:
«Ֆարհիխթեգան» օրաթերթին տւած հարցազրոյցում, դոկտ. Շոէյբ Բահմանը փորձել է իրեն ուղղւած հարցերի շրջանակում նկարագրել իրավիճակն ու հնարաւոր ելքերը:
Թերթը գրել է, որ նշւած ուղեւորութեան ընթացքում քննարկւած ամենակարեւոր հարցերը ուսումնասիրելու համար հարցազրոյցի էր հրաւիրել ռուսական հարցերով փորձագէտ, «Ժամանակակից աշխարհի ուսումնասիրութիւնների ինստիտուտ»-ի տնօրէն Շոէյբ Բահմանին:
Փորձագէտը Ամիր Աբդօլլահեանի Մոսկւա կատարած այցի արդիւնքում ստորագրւած փաստաթղթին անդրադառնալով նշել է, որ այն կոչւում է պատժամիջոցների դէմ պայքարի փաստաթուղթ, ինչը երկու երկրներին առիթ է տալու քայլեր ձեռնարկել այն չէզոքացնելու եւ բանկային յարաբերութիւնների ու կապերի անխոչընդոտ իրականացման շուրջ, որի արդիւնքում կողմերը բարելաււելու են տնտեսական փոխանակումները եւ փոխգործակցութիւնները բոլոր ոլորտներում:
«Այս փաստաթուղթը կարող է յարմար հիմք հանդիսանալ երկու երկրների դէմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցների դէմ համագործակցութեան համար»,- արձանագրել է փորձագէտը:
Իսկ թէ Կովկասում առկայ իրավիճակն ու խնդիրները նկատի ունենալով այդ փաստաթուղթը ինչ է ենթադրում իրենից, փորձագէտը պատասխանել է. «Տնտեսութեան հետ կապւած հնարաւորութիւններն ու զարգացումները ամենամեծ խթանն են կարող հանդիսանալ բոլոր կողմերի հարցում: Թեհրանն ու Մոսկւան վերջին տարիներին զգալիօրէն խորացրել են փոխգործակցութիւնները եւ Կովկասում տնտեսական շահաւէտ հեռանկարներով ծրագրեր են իրականացրել»:
Փորձագէտը յաւելել է, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի դիրքորոշման շնորհիւ Իրանին յաջողւեց արտօնեալ պայմանագիր կնքել միութեան հետ մաքսային սահմանափակումների վերացման հարցում։ Դա պատճառ է դարձել, որ վերջին երեք տարիներին իրանական արտադրութեամբ աւելի քան 500 ապրանքատեսակ արտահանւի ԵԱՏՄ երկրներ, ինչը նաեւ գնային առումով շահաւէտ է այդ երկրների համար:
Շոէյբ Բահմանը Գազայի պատերազմի եւ ռուս-ուկրաինական հակամարտութեան հետ կապւած նշել է, որ այս երկու ամիսների ընթացքում, երբ Իսրայէլի յանցագործութիւնները պաղեստինցիների դէմ լարւած վիճակի անցան, Իրանը դիւանագիտական լուրջ ջանքեր գործադրեց պատերազմը դադարեցնելու կամ ռազմական եւ դաշտային գործընթացների վրայ ազդելու եւ յարձակումների թափը նւազեցնելու համար։ «Միւս կողմից, Ռուսաստանը լայնածաւալ ջանքեր գործադրեց պատերազմի առաջին իսկ օրւանից նւազեցնելու հակամարտութեան կրակի բոցը։ Մոսկւան նոյնիսկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում բանաձեւ առաջարկելով փորձեց դադարեցնել պատերազմն ու կանխել դրա շարունակութիւնը»,-նշել է փորձագէտը յիշեցնելով, որ իրավիճակի կայունացումն այսօր Արեւմուտքին ձեռնտու չէ, բոլոր ճակատներում, սկսած Կովկասից ու Ուկրաինայից, վերջացրած Գազայով:
«Թէեւ ռուսական ծրագրին դէմ են արտայայտւել եւրոպական երկրները։ Այնուամենայնիւ, Ռուսաստանը միջազգային մակարդակով դեռեւս ունի զգալի կարողութիւններ, որոնք կարող է օգտագործել: Ռուսաստանը եւս դէմ գնաց Գազայի վերաբերեալ ամերիկեան միակողմանի բանաձեւի ընդունմանը: Ամերիկացիները փորձ արեցին ՀԱՄԱՍ-ը եւ դիմադրութեան միւս խմբերին ներկայացնել որպէս ահաբեկչական խմբաւորումներ», -նշում է փորձագէտը եւ ակնարկում, որ դրանով Պաղեստինի հարցը դառնալու էր Իսրայէլի ներքին գործը: «Հետեւաբար, Գազայի հարցը կարեւոր տարածաշրջանային խնդիրներից մէկն է, եւ դրա կողքին ուկրաինական պատերազմը եւս միջազգային մակարդակի կարեւոր խնդիրներից է: Իրանը նախկինում էլ էր յայտարարել հանգուցալուծման նպատակով միջնորդելու իր պատրաստակամութեան մասին, որը ակնկալւում է դիտարկել երկու կողմերի միջեւ բանակցութիւններում»,- կարեւորելով Իրանի հնարաւորութիւնները նշել է փորձագէտը։
«Հիւսիս-հարաւ» միջանցքի՝ Բաքւի տարբերակի շուրջ հարցին, որի համաձայն նախագիծն աւարտելու կամքի բացակայութիւնը նկատելի է, փորձագէտը նշել է, որ այն հիմնականում այնքան էլ Բաքւի սրտով չէ: «Հիւսիս-հարաւ միջանցքն աւարտին հասցնելու համար մնացել է երթուղու մի փոքր մասը՝ Անզալիից Աստարա։ Ռուսները յայտարարել են, որ պատրաստ են ներդրումներ կատարել այս նախագիծն աւարտին հասցնելու եւ Իրանի հետ համագործակցութեամբ գործն առաջ մղել: Սակայն պէտք է հաշւի առնել Կովկասի քաղաքական խնդիրները։ Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնն անցած տարիներին ցոյց է տւել, որ այդքան էլ պատրաստ չէ ակտիւացնել այդ միջանցքը։ Թէեւ երթուղու այս հատւածի կառուցման նախնական պայմանագիրը կնքւել է հէնց Ադրբեջանի Հանրապետութեան հետ, սակայն այս երկիրը տարիներ շարունակ ձգձգում է եւ հաւատարիմ չէ Իրանի հետ կնքած պայմանագրին», – նշել է դոկտ. Բահմանը։
«Ոմանք կարծում են, որ Ղարաբաղի հարցում Ալիեւն իր քայլերն անում է Պուտինի հետ համաձայնեցւած: Եթէ այդպէս է, ապա ինչպիսին պէտք է լինի Իրանի դիրքորոշումը» հարցին պատասխանելով դոկտ. Բահմանը նշել է, որ Կովկասում տեղի ունեցող զարգացումները շատ բարդ եւ բազմաշերտ են, որոնցում ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը հիմնական միակ խաղացողները չեն: « Վերջին երեք տարիներին մենք տեսանք, որ այլ դերակատարներ են մուտք գործել տարածաշրջան եւ մեծացրել են Արեւմուտքի ազդեցութեան գօտին: Բրիտանացիները ներկայ են կուլիսներում, իսկ բեմում դեր են ստանձնել Թուրքիան ու Իսրայէլը: Այդ ներկայութիւնը լիովին տեսանելի է եւ շօշափելի։ Սխալ կը լինի ենթադրել, որ միայն Ռուսաստանի նման երկրի քաղաքականութիւնն է պատճառ դարձել, որ Կովկասում զարգացումները նման ընթացք ստանան։ Չնայած Ռուսաստանը միշտ եղել է որոշիչ դերակատար, եւ նրա քաղաքականութիւնը Կովկասի հարցում կայունութիւն էր թելադրում»:
«Սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանի ռազմավարութիւնը փոփոխութիւն չի կրել» հարցին Շոէյբ Բահմանը պատասխանել է. «Չի փոխւել: Ռուսներին դեռ հետաքրքրում է Կովկասը: Յատկապէս, ուկրաինական պատերազմից յետոյ աւելի մեծ դերակատարութիւն են ստանձնելու: Պատճառը պարզ է. Ռուսաստանի մուտքի ուղիները դէպի Արեւմուտք արգելափակւեցին: Այժմ Ռուսաստանը փոխել է իր հիմնական տնտեսական գործընկերներին՝ արեւմտեան երկրներից դէպի արեւելեան եւ ասիական գործընկերութիւններ»:
Ռուսաստանը մնում է շահագրգռւած Կովկասով եւ ցանկանում է իրականացնել միջանցքների իր տարբերակն ու նախագծերը շեշտել է փորձագէտը եւ յաւելել, որ Մոսկւան յայտարարել է «Հիւսիս-հարաւ»-ն աւարտին հասցնելու համար ներդրումներ կատարելու եւ տեխնիկական սարքաւորումներ փոխանցելու պատրաստակամութեան մասին: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւել են պայմանագրեր։ Սակայն առայժմն տարածաշրջանային խնդիրները մեր առջեւ դնում են Կասպից ծովի օգտագործումը որպէս լաւագոյն լուծում։