Միջազգային

Politico-ն բացայայտել է՝ ինչպէս է Ադրբեջանն արտերկրում ուղղորդւած հակաքարոզչութիւն իրականացնում Ռուբէն Վարդանեանի դէմ

Հեղինակաւոր Politico պարբերականը «Շաբաթւայ արտառոց լաբբիստական արշաւ» խորագրով հրապարակման մէջ բացայայտել է, թէ ինչպէս է Ադրբեջանն արտերկրում ուղղորդւած հակաքարոզչութիւն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահւող հայ բարերար Ռուբէն Վարդանեանի դէմ: Ստորեւ ներկայացւում է հրապարակման թարգմանութիւնը.

«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, եւ, անկասկած, այլ լրատւամիջոցներ եւս, մի PR ընկերութիւնից էլեկտրոնային նամակ ստացաւ, որում նկարագրւում էր Եւրոպայում ռուսական ազդեցութեան գործողութիւնների մասին։ Թէպէտ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապէս մէկ մարդու վրայ, ինչպէս իմ գործընկեր Գաբրիէլ Գաւինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբէն Վարդանեանի:

Շահային հետաքրքրութիւն.

Ռուբէն Վարդանեանը ներկայումս գտնւում է Ադրբեջանում՝ ճաղերի հետեւում, այն իրադարձութիւններից ի վեր, երբ այդ երկիրը յարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրայ՝ այն գրաւելու նպատակով, ինչի հետեւանքով էլ Ղարաբաղի հայ բնակչութիւնը ենթարկւեց զանգւածային արտագաղթի: Չնայած 56-ամեայ Վարդանեանն իր միջոցները վաստակել է Մոսկւայում եւ յայտնւել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցւածքային բիզնեսներում ներգրաււածութեան համար, նա հրաժարւել է Ռուսաստանի քաղաքացիութիւնից՝ քաղաքականութիւն մտնելու եւ Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրութիւններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայւած ռուս խաղաղապահները, վերջին հաշւով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանաւորեն Վարդանեանին ու տարածաշրջանի միւս ղեկավարներին:

Արեւմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ.

Unilever ընկերութեան նախկին ղեկավար Փօլ Փոլմանը եւ Moderna դեղագործական ընկերութեան համահիմնադիր Նուբար Աֆեանն այն մարդկանց թւում են, որոնք ակտիւ քարոզչութիւն են իրականացնում Վարդանեանի ու միւս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենեակը նաեւ յայտարարել է, որ Վարդանեանին առաջադրել են Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի, թէպէտ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթէ զրոյական են՝ հաշւի առնելով նրա ոչ միանշանակ անցեալը:

Ռուսական գործակա՞լ.

Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատւամիջոցների տեղեկութիւնների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եւ հէնց այստեղից էլ սկիզբ է առել PR արշաւը, որի շրջանակում Եւրոխորհրդարանի որոշ պատգամաւորներ աջակցութիւն են յայտնել այն միջնորդութեանը, որը կոչ է անում Նոբէլեան մրցանակի կոմիտէին՝ Վարդանեանին ճանաչել որպէս Ռուսաստանի գործակալ եւ բացառել նրա թեկնածութիւնը որպէս պոտենցիալ մրցանակակիր:

Եւ ի՞նչ.

Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծութիւնների եւ ռազմավարութիւնների կենտրոնի անունից գործող PR ընկերութեան տարածած մամուլի հաղորդագրութեան համաձայն՝ Եւրոխորհրդարանի պատգամաւորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը եւ Կարէն Մելքիոն աջակցութիւն են յայտնել այդ հեղինակաւոր մրցանակից Վարդանեանի թեկնածութիւնը բացառելու կոչերին։ Սակայն կայ միայն մէկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին յայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խօսքերը միտումնաւոր կերպով հանւել են կոնտեքստից եւ ներկայացւել են որպէս աջակցութիւն Ադրբեջանի թէզերին:

Կտրուկ հերքում.

«Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատւութեանը»,- ասել է Եւրոխորհրդարանի գերմանացի պատգամաւոր ֆոն Կրամօն-Տաուբադելը: «Ամօթալի է, որ այդ միջոցառումը, թերեւս, օգտագործւում է ադրբեջանական ապատեղեկատւութեան համար։ Ես չեմ աջակցել որեւէ համատեղ յայտարարութեան եւ չէի մասնակցի դրան, եթէ այն որեւէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրէնսդիրը։ Դանիացի օրէնսդիր Մելքիոն եւս POLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որեւէ յայտարարութիւն, ոչ էլ մտադիր է եղել:

Բրիւսէլի մամուլի ակումբի խօսնակը հերքել է, որ ակումբը որեւէ մասնակցութիւն է ունեցել նմանօրինակ լաբբիստական​​ միջոցառմանը վստահելու առումով:

«Իւրաքանչիւր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպէս Բրիւսէլի ցանկացած հիւրանոց, եւ մենք տարեկան հարիւրաւոր միջոցառումներ ենք ունենում»,- ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախօսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապէս հիւրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:

Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծութիւնների եւ ռազմավարութիւնների կենտրոնը.

Դէ սա ամենեւին էլ պարզ չէ: Կազմակերպութիւնը, կարծես թէ, չունի անգլերենով կամ ուկրաիներէնով գործող կայք, «Ֆէյսբուք»-ի էջն ունի ընդամէնը 88 հաւանում եւ Google-ում առկայ ընդամէնը հինգ յղումներից չորսը ադրբեջանամէտ օդւածներ են, որոնք գրւել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից:

Մտահոգութիւն առաջացնող երկիր.

Ադրբեջանն արդէն քննադատութեան է ենթարկւում հանածոյ վառելիքի պաշտպանութեան եւ Արեւմուտքում ունեցած ազդեցութեան ցանցի համար, բայց Եւրոխորհրդարանի պատգամաւորների դիրքորոշումներն ակնյայտօրէն խեղաթիւրելը՝ նշանաւորւելու է այդ երկրի եւ Եւրոխորհրդարանի միջեւ մի նոր ճեղքւածքով»։

168.am

Related Articles

Back to top button