ԻրանՄիջազգային

Ռուս-իրանական նախաձեռնութիւնը խնդիրներ է ստեղծում նաեւ Թուրքիայի համար

ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ

Քաղաքագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ

 

Թեհրանն ու Մոսկւան համաձայնութեան են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերեալ:

Հարց է առաջանում, թէ ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցւած պաշարներով աշխարհի առաջին եռեակի մէջ մտնող պետութիւնը:

Եթէ հակիճ, ապա.

1- Կողմերի միջեւ օրերս կնքւած համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխօսութեան» խորացմանն ուղղւած քայլ է, որին հետեւելու են շատ աւելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերեւս ամենահաւանականը Իրանում գազային հաբի՝ հանգոյցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքոյ Ռուսաստանն ու Իրանը, ինչպէս նաեւ նախաձեռնութեանը միանալու պատրաստակամութիւն յայտնած Կատարն ու Թուրքմենստանը այլեւս հանդէս են գալու որպէս միջազգային գազի շուկայում «նորաձեւութիւն թելադրողներ»:

2- Իրանում գազային հաբի ձեւաւորումը նոր իրականութիւն է ստեղծելու համաշխարհային գազի շուկայում, քանի որ փաստացի միաւորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Կատար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Չորսը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդիւնահանման 50%-ը: Մարտահրաւէր է նետւում նախեւառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցւած պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով աւելացնում է LNG-ի՝ հեղուկացւած գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաեւ որպէս աշխարհաքաղաքական գործիք:

3- Որոշակի ռիսկեր են ստեղծւում ԵՄ էներգետիկ անվտանգութեան համար: Նախ՝ Կատարը, որն աւանդաբար դիտւում է որպէս ԵՄ գազի մատակարարման կարեւոր դիւերսրֆիկացիոն ուղղութիւն, փաստացի գազային դաշինքի մէջ է մտնում Ռուսաստանի հետ: Միւս կողմից, աւելի մշուշոտ են դառնում «Անդրկասպեան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսւում է թուրքմենական բնական գազը Կասպից ծովով հասցնել Ադրբեջան, այնուհետեւ «Հարաւային գազային միջանցքով»՝ եւրոպական շուկայ: Այսպիսով, հակառուսական դիւերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ աւելի բարձր գնով ամերիկեան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը եւս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշւի առնելով առկայ գազամուղի ցածր թողունակութիւնը՝ տարեկան մինչեւ 20 մլրդ. Խմ., այն էլ 2027 թ.-ից յետոյ:

4- Ռուս-իրանական այս նախաձեռնութիւնը խնդիրներ է ստեղծում նաեւ Թուրքիայի համար: Նախ՝ յօդս են ցնդում վերջինիս նկրտումները դառնալու միջազգային նշանակութիւն ունեցող առանցքային գազային հաբ: Ռուս-թուրքական գազային հաբի նախագիծն արդէն երկու տարի է, ինչ տեղից չի շարժւում, իսկ կողմերը սահմանափակւում են առայժմ գազի առեւտրի էլեկտրոնային հարթակի հնարաւորութիւնները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցութիւնն ու քառակողմ ձեւաչափով հաբի ձեւաւորման մասին յայտարարութիւնները էապէս նւազեցնում են Թուրքիայի կարեւորութիւնը եւրասիական նոր էներգետիկ ճարտարապետութեան մէջ: Յատկանշական, է, որ, ի տարբերութիւն թուրքական հաբի, իրանականի մասով արդէն առկայ են աշխարհագրական լուծումներ: Հաբը պլանաւորում են կառուցել Պարսից ծոցի ափին՝ Բուշեհր նահանգում:

5- Իրանական հաբը, հաշւի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի յանգեցնելու է «գազային ՕՊԵԿ»-ի ձեւաւորմանը, որը եւ սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականութիւնը, մեծ հաշւով՝ «էներգետիկ աշխարհաքաղաքականութիւնը:

Յ. Գ. – Յատկանշական է, որ այս նախաձեռնութիւնը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակութեան գազային գործօն դառնալու վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը:

Related Articles

Back to top button