Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վահրամ Բալայեան. «ՀՀ-ն չպէտք է մասնակցի COP29-ին»

Զուգահեռ՝ պաշտօնական յայտարարութեամբ պէտք է նշւի՝ չի մասնակցում, քանի որ Ադրբեջանը չի լուծել պատանդների հարցը

«ԱԼԻՔ» – Բաքւում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան 29-րդ՝ COP29 համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ։ ՀՀ-ից այս պահին որեւէ մէկը չի մասնակցում համաժողովին, խորհրդարանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանեանը լրագրողներին ասաց, որ դեռ որոշում չունեն COP29 համաժողովին մասնակցելու վերաբերեալ։

Հայաստանի չմասնակցութեան դէպքում հնարաւո՞ր է մի քանի երկրների, այդ թւում՝ Իրանի, Ռուսաստանի կողմից COP29 համաժողովում բարձրացւի հայ գերիների, պատանդների հարցը։ Շառլ Միշէլը, որը 2022 թւականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Նիկոլ Փաշինեանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում մեծ դերակատարում ունեցաւ, կը բարձրացնի՞ պատանդների ու գերիների հարցը։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ Միացեալ Նահանգները, Եւրոպան մշտապէս խօսում են ժողովրդավարութիւնից, փորձում են ժողովրդավարութեան գաղափարի տակ կառուցել կեանքը՝ անկախ այն հանգամանքից, թէ դրա տակ ինչ կայ։ Հետեւաբար՝ այս ամենի խորապատկերի վրայ, հնարաւոր է, ի վերջոյ, մարդու իրաւունքների ոտնահարման ու այլ խնդիրների հետ կապւած հարցեր բարձրացւեն համաժողովին։

«Մինչ այս համաժողովը մի քանի երկրների կողմից նման մօտեցումներ ու յայտարարութիւններ կային, մասնաւորապէս խօսքը վերաբերում է Ֆրանսիային, որը գնահատականներ տւեց արցախահայերի բռնի տեղահանութեան հետ կապւած։ Այս ամենի համատեքստում հնարաւոր եմ համարում, որ Բաքւում գերիների, պանտանդների հարցը բարձրացւի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Բալայեանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը չպէտք է մասնակցի COP29 համաժողովին, դրան զուգահեռ՝ ցանկալի է, որպէսզի լինի պաշտօնական յայտարարութիւն, որտեղ կը նշւի, որ Հայաստանը պաշտօնապէս չի մասնակցում COP29-ին, քանի որ Ադրբեջանը չի լուծել պատանդների, գերիների վերադարձի հարցը։

«Երկու օր առաջ Ալիեւը կրկին խօսում էր այն մասին, թէ երկու երկրների միջեւ որոշակի փոխըմբռնում կայ, հնարաւորութիւն կայ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար, չնայած ես այդ ամէնն իրատեսական չեմ համարում։

Սա ինչ-որ տեղ նաեւ աշխարհին ուղղւած մեսիջ կը դառնայ, որ Հայաստանը տէր է իր քաղաքացիների, ազգային շահերի պաշտպանութեանը։ Այսպես պէտք է անեն, որպէսզի աշխարհի համար ընկալելի լինի, քանի որ Հայաստանը ոչ թէ ինչ-որ երկրի քաղաքացիների համար է այդպէս անում, այլ իր իսկ սեփական քաղաքացիների»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Նշենք, որ COP29 համաժողովը Բաքւում կը շարունակւի մինչեւ նոյեմբերի 22-ը։

Related Articles

Back to top button