Քաղաքական

Նոր Սահմանադրութեան դէմ քւէարկելը Փաշինեանից ազատւե​լու լաւագոյն միջոցն է

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախորդ շաբաթ յայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրութիւն, որը հանրաքւէի միջոցով պէտք է հաստատւի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Յուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնութիւնը կը մերժի նոր Սահմանադրութիւնը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկէ հնարաւորութիւն է նրանից ազատւելու համար։ Վերջին 7 տարիների ընթացքում նրան պաշտօնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողւել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջեւ պառակտումը խոչընդոտել է նրանց ձեւաւորել բաւականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինեանին պաշտօնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականութիւնը զգալիօրէն նւազել է՝ 7 տարի առաջւայ 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիւ, նրա իշխող կուսակցութեան քաղաքական վարկանիշն աւելի բարձր է, քան իւրաքանչիւր ընդդիմադիր խմբի: Բազմաթիւ արդարացումներ են բերւել չմիաւորւելու համար, սակայն դրանցից ոչ մէկն աւելի կարեւոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտութիւնը։ Ցաւօք, հէնց պառակտւած ընդդիմութիւնն է պահում Փաշինեանի իշխանութիւնը։

2) Փաշինեանի դէմ յաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպէտք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարութիւնը պէտք է հերթով փոփոխւի մինչեւ նոր ընտրութիւնների անցկացումը:

3) Ստւերային կառավարութիւնը պէտք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրայ:

4) Խմբերը պէտք է ժամանակաւորապէս մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնութիւնները եւ միաւորւեն ազգը փրկելու համար: Եթէ Հայաստանն այլեւս գոյութիւն չունենայ, այս խմբերի գաղափարախօսութիւններից ոչ մէկը նշանակութիւն չի ունենայ։ Երկիրը փրկելուց յետոյ նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրոյն նպատակներին:

Իմանալով Փաշինեանի եսասիրական գործելաոճը՝ նա կը շրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քւէարկեն նոր Սահմանադրութեան օգտին։ Նա քարը քարի վրայ չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով եւ սպառնալով նրանց: Նա իր տրամադրութեան տակ ունի իշխանութեան լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածաւալ քարոզարշաւ եւ դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հաւաքելու, ինչպէս իր կուսակցութիւնն արեց Երեւանի աւագանու վերջին ընտրութիւնների ժամանակ: Սա Փաշինեանի համար գերագոյն նպատակ է, քանի որ նախագահ Ալիեւը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրութեան՝ ինքը կը հրաժարւի ստորագրել «Խաղաղութեան պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինեանը։ Փաշինեանին պէտք է այդ ստորագրւած թղթի կտորը, որպէսզի 2026 թւականի ընտրութիւններում մոլորեցնի  ընտրողներին, որպէսզի նրանք կարծեն, թէ ինքն է «խաղաղութիւն» բերել, թէեւ դա երկար չի տեւի։

Սկզբում, Փաշինեանը մերժեց Սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ Ալիեւի պահանջը՝ որպէս միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին: Նաեւ, Փաշինեանն ասաց, որ նման անհրաժեշտութիւն չկայ, քանի որ խաղաղութեան պայմանագրի նախագիծը պարունակում է դրոյթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմեանց տարածքային ամբողջականութիւնը: Վէճի դէպքում խաղաղութեան պայմանագրի պայմանները գերակայ են իրենց համապատասխան սահմանադրութիւնների նկատմամբ: Փաշինեանը յաւելել է, որ Ադրբեջանի Սահմանադրութիւնը պարունակում է անուղղակի յղումներ՝ Հայաստանի Հանրապետութիւնից տարածքներ պահանջելու վերաբերեալ։ Այնուամենայնիւ, Փաշինեանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրութիւնը…

Բացի Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելուց, Փաշինեանը ընդունել է Ալիեւի հետեւեալ պահանջները.

– Հայաստանն Ադրբեջանին է յանձնելու Հայաստանի տարածքում գտնւող որոշ գիւղեր։

– Թոյլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնւող անկլաւներում,  վերադառնալ եւ ապրել այնտեղ։

– Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

– Եւրամիութեան դիտորդների հեռացում Հայաստանից։

– Հայաստանի կողմից Ադրբեջանի դէմ իր միջազգային հայցերի դադարեցում։

– Ադրբեջանի արեւելեան հատւածից Նախիջեւան տանող ճանապարհը պէտք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանութեան ներքոյ, քան զուտ ճանապարհ: Միջանցքի դէմ առարկելիս Փաշինեանը համաձայնել է հեշտացնել մուտքը։

– Չնայած 2020 թւականի համաձայնագիրը թոյլ է տալիս, որ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Ադրբեջանը անցնեն միմեանց տարածքներով, Փաշինեանը բազմիցս յայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մէկ անգամ յայտարարելու, որ համաձայնագիրը պէտք է իրականացւի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանն անցեալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրութիւնը պատրաստ կը լինի մինչեւ 2026 թւականի յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները։ Դեռ պարզ չէ, արդեօք ընտրողներին կառաջարկւի՞ քւէարկել Սահմանադրութեան համար, խորհրդարանի անդամների համար քւէարկութեան հետ միաժամանակ, թէ՞ այդ ընտրութիւններից յետոյ:

Պարբերաբար Սահմանադրութիւնը փոփոխելու մէջ ոչ մի վատ բան չկայ, երբ որ անհրաժեշտութիւն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպւած լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապէս անընդունելի է։

Շատ կարեւոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրութիւնը: «Ոչ» քւէն՝ վարչապետի նկատմամբ անվստահութեան քւէարկութիւն է: Նա այլեւս չի կարող շարունակել մնալ իր պաշտօնում այն բանից յետոյ, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնութիւնը։ Նա այլընտրանք չի ունենայ, քան հրաժարական տալ:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button