Որ դադարենք պարտւել ինքներս մեզ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երէկ (օգոստոսի 18-ԽՄԲ.), Փաշինեանի ուղերձի մասին առաջին անոնսից յետոյ, մարդիկ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ յուսով։ Նոյնիսկ խելօք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։
Վերջում պարզւեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մօտաւորապէս ասում է՝ ես այլեւս չգիտեմ, թէ ինչի մասին է Հայաստանը. նկարւեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրւեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղւայ Հայաստանը»։
Մինչեւ 2018-ը բոլորը, այդ թւում՝ Նիկոլը, գիտէին, որ Հայաստանը յետյաղթանակային փուլի մասին է, որը դժւար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսւած յաղթանակի էւոլիւցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ յաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողութիւն։
Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թէ ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քէֆ, ուտել, վիզա, խաղաղութեան բերկրանք» հասկացանք, բայց այս ամէնը պետութեան հեռանկար եւ պետական իդէա չի։
Ամբողջ ողբերգութիւնն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերութիւնը նոյնպէս չգիտի՝ ինչի մասին է այսօրւայ եւ վաղւայ Հայաստանը։ Իսկ եթէ չգիտի, ապա չի կարող սեփական հասարակութեանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։
Մենք հիմա չգիտենք, թէ ինչ է նշանակում յետպարտութիւն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձեւակերպում յետպատերազմեան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հէնց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ յետոյ մեր պարտութիւնը շարունակւում է, ու մենք արդէն մեզ ենք պարտւոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ յաղթում, մենք ենք մեզ պարտութիւն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաղաքական միաւոր, դաշինք, թիմ չի ձեւակերպելու յետպարտութեան, յետպատերազմեան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։
Քանի սա չի արւել՝ մենք աշխարհում ոչ մէկին հետաքրքիր չենք, պէտք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալւելու է որպէս այլոց հաշիւներ պարզելու կամ ինչ-որ մէկի համար մրցանակ ստանալու միջոց։
Քանի դեռ մենք չգիտենք, թէ ինչի մասին է պարտութիւնից յետոյ, այս վիճակով, մեր պետութիւնը, մեր հաւաքական եւ լիդերային միտքը ինչպէս է ձեւակերպում Հայաստանի վաղւայ օրւայ նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանութեան ու մարդ բռնել, որոնց մի մասը նոյնիսկ չհասկանայ էլ, թէ իրեն ինչու են բռնել, կարող է ելոյթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղութեան բերկրանքն է։
Քաղաքականութեամբ «չզբաղւողներին» եւ հասարակութեան լայն-իներտ շերտերին պէտք է բացատրել, թէ ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղւայ բովանդակութիւնը եւ հեռանկարը չի ձեւակերպւում։ Դա իսկապէս վախենալու է։
Եթէ մենք՝ հականիկոլ լիդերութիւնը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձեւակերպել Հայաստանի յետպատերազմեան վերականգնման բովանդակութիւնը եւ դրանով չգնանք դէպի ժողովուրդ, ապա մեր փոխարէն դա կանեն հարեւանները՝ իրենց ձեւով։