Իշխան Սաղաթէլեան. «Ղարաբաղի հարցը փակելով՝ խաղաղութիւն ձեռք չենք բերելու, աւելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետութիւնը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի կարծիքով՝ Ղարաբաղի հարցը փակելով՝ խաղաղութիւն ձեռք չենք բերելու, աւելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետութիւնը: Այս մասին նա գրել է իր ֆէյսբուքեան էջում:
Նրա գրառումը՝ ստորեւ.
«Օսլոյի համաձայնագրերը ստորագրւեցին 1993-ին եւ 1995-ին՝ Մերձաւոր Արեւելքում խաղաղութիւն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունւեցին մեծ հանդիսաւորութեամբ, միջազգային հանրութեան ծափահարութիւնների ներքոյ. բոլորն իրենց համոզում էին, որ ձեւաւորւում է խաղաղութեան նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տւեց դա մերձաւորարեւելեան հակամարտութեանը։ Ոչինչ։ Երբ ձեւը գերակայեց բովանդակութեանը, գործընթացը վերածւեց կեղծ յոյսի, որը չբերեց ո՛չ խաղաղութիւն, ո՛չ կայունութիւն։ Եւ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանութեան Գազայում։
Նոյնն է նաեւ Վաշինգտոնեան համաձայնագրերի դէպքում. ամպագոռգոռ յայտարարութիւններ, գեղեցիկ կենացներ եւ իրական լուծումների բացակայութիւն։
Այս պատմական օրինակները ցոյց են տալիս պարզ ճշմարտութիւն. ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղութիւն բերել, եթէ դրա մէջ չեն արտացոլւած կոնֆլիկտի հիմքային ու ամենակնճռոտ հարցերը։ Թղթի վրայ գրւած բառերը չեն կարող դառնալ խաղաղութեան երաշխիք, եթէ դրանցում չկայ արդարութիւն, չկայ իրաւունքների պաշտպանութիւն եւ չկայ հակամարտութեան իրական պատճառների լուծում։
Հետեւաբար, ԼՂՀ հակամարտութիւնը լուծւած չէ, Ղարաբաղի հարցը փակելով՝ խաղաղութիւն ձեռք չենք բերելու, աւելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետութիւնը:
Այս պայմաններում, երբ Փաշինեանը ստանձնել է կեղծ ու իրական լուծումներ չառաջարկող գործընթացի գլխաւոր գովազդատուի եւ շահառուի դերը, մեր խնդիրն է մեր ժողովրդին ներկայացնել իրականութիւնը, ցոյց տալով խաբէութեան մասշտաբներն ու կեղծ ակնկալիքների վտանգները։
Նիկոլն ասում է՝ «եթէ համաձայն չէք, յեղափոխութիւն արէք»։ Իրականութիւնն այն է, որ այս տարիներին հայ ժողովուրդն անընդհատ դուրս է եկել փողոց՝ արտայայտելով իր դժգոհութիւնը, ձեւաւորել է հետզհետէ մեծացող, բազմամարդ ու ընդգրկուն շարժումներ։ Եւ հէնց դրանց յաջողութիւնը կանխելու համար Նիկոլը ամէն անգամ դիմել է բռնութեան, կրակել է սեփական ժողովրդի վրայ։ Սա ամենաուղիղ ապացոյցն է, որ նրա որոշումները չունեն ոչ մի ժողովրդային աջակցութիւն։
Լեգիտիմութեան բացակայութեան միւս վկայութիւնն այն է, որ այսօր Հայաստանի բանտերը լցւած են տասնեակ քաղբանտարկեալներով։ Փաշինեանը սկսել է հետապնդումների աննախադէպ ալիք ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ։ Սա յստակ ցոյց է տալիս, որ խօսքը ոչ թէ ժողովրդի կամքով ձեռք բերւած համաձայնութիւնների մասին է, այլ Փաշինեանի եւ նրա նեղ խմբակի։
Հետեւաբար, ե՛ւ ադրբեջանական կողմը, ե՛ւ միջազգային հանրութիւնը պէտք է յստակ հասկանան. այս փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի կամքի հետ։ Դրանք ոչ լեգիտիմ են, ոչ էլ իրաւական ուժ ունեցող։
Արդիւնքում՝ մեր ժողովրդի առաջ ծառացած ամենակարեւոր խնդիրը մէկն է. ազատւել Նիկոլի ռեժիմից։ Երբ այն հեռացւի, կը վերանան նաեւ այն գաղտնի պայմանաւորւածութիւնները, որոնք տարիներ շարունակ պարտադրւում է մեր ժողովրդին։ Միայն այդ ժամանակ Հայաստանը կը վերադառնայ իր ժողովրդի իսկական կամքին ու իրական խաղաղութեան ճանապարհին»: