Լուկաշենկօ. «Ո՞ւմ են պէտք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, եւ բոլորը կը մոռանան Հայաստանի մասին»
«ԱԼԻՔ» – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն յայտարարել է, որ յետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարէնը ոչինչ չտալ»։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝նա ասել է «Ռոսիա» հեռուսատաալիքին տւած հարցազրոյցում։
«Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը – ԽՄԲ.) փաստացի նոյն նաւակի մէջ ենք։ Շրջւելու դէպքում երկուսս էլ կը խեղդւենք՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Բելառուսը։ Ինչո՞ւ թաքցնենք (դաշնակցային յարաբերութիւնները – ԽՄԲ.)։ Մենք չեն սկսում խորամանկել ինչպէս մեր որոշ յետխորհրդային պետութիւններն են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարէնը ոչինչ չտալ»,- ասել է Լուկաշենկօն։
Նրա խօսքով՝ այդպէս չի կարող շարունակւել եւ պէտք է միասնական լինել։
«Հեռու չէ այն ժամանակը, երբ դուք կը գաք նոյն Ռուսաստանից աջակցութիւն եւ օգնութիւն խնդրելու։ Ուրիշ օգնող չկայ։ Երբ Ղազախստանում ինչ-որ բան եղաւ, ո՞ւմ դիմեցին, Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինից օգնութիւն։ Եւ մենք (ՀԱՊԿ-ը – ԽՄԲ․) այնտեղ ուժեր տեղակայեցինք, կէս օր շարունակ մեր ինքնաթիռները վայրէջք էին կատարում այնտեղ եւ ամէն ինչ իրենց տեղը դնում»,- յայտարարել է Լուկաշենկօն՝ շեշտելով, որ սա որպէս նախատինք չի ասում։
Բելառուսի նախագահը վստահութիւն է յայտնել, որ արտակարգ իրավիճակների դէպքում ԱՊՀ երկրները կը դիմեն Մոսկւայի ու Մինսկի օգնութեանը։ Նա նաեւ կոչ է արել չխզել յետխորհրդային տարածաշրջանում կառուցւած տնտեսական կապերը։
«Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայում, թէ՞ Եւրամիութիւնում։ Ո՛չ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Կայ ընդհանուր շուկայ։ Ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկէք աւելացնենք եղածին», – նշել է նա։
Լուկաշենկօն անդրադարձել է նաեւ Հայաստանի ղեկավարութեան քաղաքականութեանը։
«Ո՞ւմ են պէտք հայերը, բացի մեզնից։ Ոչ մէկին պէտք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսութիւնը ու սեւեռւեն նրա վրայ, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, եւ բոլորը կը մոռանան Հայաստանի մասին»,-ասել է նա։