ՌԴ ԱԳՆ. «Մոսկւան յուսով է, որ Երեւանը չի հրաժարւի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատճառով»
«ԱԼԻՔ» – Երեւանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցութիւնը: Մոսկւան յուսով է, որ Հայաստանը չի հրաժարւի դրանից ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան պատճառով, որոնք միայն ներդրումներ եւ «պայծառ ապագայ» են խոստանում։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչութեան տնօրէն Միքայէլ Աղասանդրեանը։
«Մոսկւայի եւ Երեւանի յարաբերութիւնները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնւած են փոխշահաւէտ համագործակցութեան վրայ։ Ակնյայտը տեսնելու համար պէտք չէ լինել տնտեսագիտութեան կամ քաղաքականութեան փորձագէտ՝ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երեւանին։ Մեծ մասամբ հէնց դրա շնորհիւ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպաւորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդրեանը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղութեամբ Երեւանի որդեգրած կուրսը՝ դիւանագէտը նշել է, որ Հայաստանը «ընկել է Արեւմուտքի երկրների ծուղակը»․
«Այստեղ մեր գործընկերներն ակնյայտօրէն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագայ խոստացած Արեւմուտքի ծուղակը։ Նման մօտեցումն արդէն բազմիցս կիրառւել է յետխորհրդային տարածաշրջանում։ Եւ մենք բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք, թէ ինչ ստացւեց դրանից»,- ասել է բարձրաստիճան դիւանագէտը։