Արաղչի. «Իրանի ինքնիշխան իրաւունքները քննարկման ենթակայ չեն»

«ԱԼԻՔ»- Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի ժամկէտի աւարտին, յայտարարել է, որ Իրանի ինքնիշխան իրաւունքները «չեն կարող բանակցութեան առարկայ դառնալ» եւ «չեն կարող յայտնւել որեւէ քաղաքական ճնշման տակ»։
Արաղչին իր հաղորդագրութիւնում, որը հրապարակւել է X սոցիալական հարթակում, նշել է, որ Չմիաւորւած երկրների շարժման նախարարների վերջին հանդիպմանը, որն անցկացւել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում, աւելի քան 120 պետութիւն աջակցել է Իրանի դիրքորոշմանը՝ ընդունելով, որ Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի գործողութիւնն աւարտւում է հոկտեմբերի 18-ին: Այդպիսով, ըստ Արաղչիի՝ աւարտւում են նաեւ ՄԱԿ-ի նախկին սահմանափակումները, եւ Իրանի հարցը հանւում է Անվտանգութեան խորհրդի օրակարգից։
Նախարարը նշել է, որ այսուհետ Իրանը՝ որպէս Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ, գործելու է միայն իր իրաւունքների եւ պարտաւորութիւնների շրջանակում՝ ըստ այդ պայմանագրի դրոյթների։ «Այսուհետ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ որեւէ սահմանափակում կիրառելի չէ, եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ համագործակցութիւնը կը շարունակւի բացառապէս համապարփակ վերահսկման համաձայնագրի եւ Իրանի խորհրդարանի ընդունած օրէնքների շրջանակում»,- նշել է Արաղչին։
Նա ընդգծել է, որ մի շարք «մեկուսացած երկրների» անօրինական գործողութիւնները մերժւել են աշխարհի պետութիւնների մեծամասնութեան կողմից։ «Նրանք, ովքեր շարունակում են խեղել իրականութիւնը, միայն աւելի են մեկուսացւում միջազգային հարթակում»,- գրել է ԱԳ նախարարը։
«Իրանի ինքնիշխան իրաւունքները չեն կարող դրւել բանակցութեան սեղանին եւ չեն ենթարկւում քաղաքական ճնշման։ Պէտք է ոչ թէ հարկադրանքը, այլ՝ օրէնքի գերակայութիւնը լինի միջազգային յարաբերութիւնների հիմքը»։



