Հայաստան - ԱրցախՄիջազգային

Պէտք է վառ պահենք մեր յիշողութիւնն եւ երազանքը` Արցախն ու Արեւմտեան Հայաստանը վերադարձնելու համար

Բանավէճ է ընթանում Արցախը պայքարելով վերադարձնել ցանկացողների եւ նրանց միջեւ, որոնք համարում են, որ Արցախը յաւերժ կորսւած է եւ պէտք է մոռանալ նրա մասին։ Այս վերջին ամօթալի դիրքորոշումն առաջ է քաշում գործող վարչակարգը, որը պատասխանատու է Արցախի կորստի համար, իսկ այժմ ամէն ինչ անում է նրա յիշատակը թաղելու համար։

Կը ցանկանայի ընթերցողների հետ կիսւել Արեւմտեան Հայաստանի վերադարձի վերաբերեալ իմ տասնամեակների տեսակէտը եւ Արցախի համար անհրաժեշտ գործողութիւնների հետ դրա համընկնումների մասին։

Հայոց Ցեղասպանութեան եւ Արեւմտեան Հայաստանի մասին ամբողջ աշխարհում իմ տւած իւրաքանչիւր դասախօսութիւնից յետոյ, ներկաներից ոմանք անմիջապէս հարցնում են՝ ի՞նչ իմաստ ունի հետամուտ լինել նման անյոյս գործի, յատկապէս, որ մեր պատմական հողերը գրաււած են թուրքական հզօր բանակի կողմից:

Իմ պատասխանն է՝ ամենավատ բանը, որ հայերը հիմա կարող են անել՝ Արեւմտեան Հայաստանի մասին մոռանալն է։ Սա մեր հայկական տարածքները ընդմիշտ կորցնելու ամենաուղիղ ճանապարհն է։

Այժմ, հնարաւոր ամէն ինչ անելուց բացի, հայերը պէտք է յաջորդ սերնդին փոխանցեն Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի վերաբերեալ մեր պահանջները՝ երազանքը վառ պահելու նպատակով։ Եթէ մենք դա չանենք, մեր ապագայ սերունդները, ոչինչ չիմանալով մեր պատմական հողերի մասին, գաղափար չեն ունենայ, որ դրանք մեզ են պատկանում։ Հետեւաբար, եթէ նոյնիսկ մի օր փոխւի աշխարհառազմավարական իրավիճակը եւ հնարաւորութիւն ընձեռւի վերադարձնելու մեր կորցրած հողերը, մեր ապագայ սերունդները որեւէ հետաքրքրութիւն չեն ցուցաբերի դրանց նկատմամբ։

Յիշէ՛ք, որ աւելի քան 2000 տարի հրեայ ժողովուրդը կորցրել էր իր հայրենիքը եւ ցրւել աշխարհով մէկ: Հրեաների յաջորդող սերունդներն իրենց հայրենիքի մասին գիտելիքները փոխանցում էին իրենց զաւակներին: Աւելի քան 2000 տարի ծնողները Երուսաղէմի եւ Իսրայէլի մասին յիշողութիւնը փոխանցում էին իրենց երեխաներին, իսկ նրանք իրենց հերթին՝ իրենց երեխաներին եւ այդպէս սերնդէսերունդ։ Նրանք չմոռացան իրենց արմատներն ու պատմութիւնը՝ վտարանդի ապրելով Ռուսաստանում, Եւրոպայում եւ այլ երկրներում։ Նրանք բազմիցս ասել են իրենց երեխաներին ու թոռներին՝ «Յաջորդ տարի Երուսաղէմում…»։ Երկու հազար տարի անց, երբ հնարաւորութիւն ստեղծւեց վերադարձնելու իրենց հողերը, նրանք օգտւեցին դրանից եւ իրականացրեցին իրենց վաղեմի երազանքը։ Նման իրավիճակում են նաեւ պաղեստինցիները, որոնք բռնի տեղահանւած են եւ շարունակում են տեղահանւել իրենց հողերից։ Նրանք նոյնպէս պայքարում են իրենց երազանքը վառ պահելու համար եւ հռչակում են իրենց նախնիների տները վերադառնալու իրաւունքը։

Եթէ հրեայ ժողովուրդը կարող է 2000 տարի պահել հայրենիք վերադառնալու իր երազանքը, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող վառ պահել իր երազանքը՝ մի օր վերադառնալու Արցախ եւ Արեւմտեան Հայաստան: Հայերը պէտք է իրենց երեխաներին ու թոռներին ասեն՝ «Յաջորդ տարի Շուշիում» եւ «Յաջորդ տարի Վանում»։

Հարցն այն է, թէ ինչպէս կարող են հայերը մի օր վերադառնալ իրենց հողերը, եթէ Արցախն ու Արեւմտեան Հայաստանը գրաււած են հզօր թշնամիների կողմից: Մենք չպէտք է մոռանանք, որ ոչինչ յաւերժ չէ։ Աշխարհում չկայ մի երկիր, որը պատմութեան սկզբից ի վեր ունեցել է նոյն սահմանները։ Տարիների ընթացքում որոշ երկրներ ընդլայնել են իրենց սահմանները, իսկ ուրիշները՝ կորցրել իրենց տարածքները։ Որոշ երկրներ դարձել են մեծ կայսրութիւններ, իսկ միւսներն անհետացել են աշխարհի երեսից։ Բայց մի բան պարզ է. ոչ ոք չի կարող պնդել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի այսօրւայ սահմանները յաւերժ կը մնան նոյնը։ Ընդամէնը 100 տարի առաջ հսկայական եւ հզօր Օսմանեան կայսրութիւնը վերածւեց շատ աւելի փոքր տարածքով Թուրքիայի Հանրապետութեան: Թէեւ հնարաւոր չէ կանխատեսել, թէ կոնկրետ երբ կը փոխւեն Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները, դրանք, անշուշտ, նոյնը չեն մնալու։ Ինչպէ՞ս են տեղի ունենալու այդ փոփոխութիւնները։ Կան մի քանի սցենարներ, ինչպիսիք են տարածաշրջանային պատերազմները, նոյնիսկ համաշխարհային պատերազմը, քաղաքացիական պատերազմը եւ միջուկային կամ այլ տեսակի աղէտները: Այսպիսի իրադարձութիւններ տեղի են ունեցել անցեալում եւ անշուշտ թէ տեղի կունենան ապագայում։

Երբ տեղում հողային փոփոխութիւններ տեղի ունենան, արդեօք հայ ժողովրդի ապագայ սերունդները կիմանա՞ն եւ կը յիշե՞ն, որ Արցախն ու Արեւմտեան Հայաստանը իրենց պատմական հայրենիքի մի մասն են, թէ՞ անտեղեակ կը լինեն, քանի երբեք չեն լսել Շուշիի եւ Վանի մասին: Եթէ նրանք զրկւեն այդ գիտելիքներից, երբ ապագայում հնարաւորութիւններ ստեղծւեն, նոյնիսկ եթէ անհաւանական բարեացակամ մի ադրբեջանցի կամ թուրք ղեկավար վերադարձնի այդ հողերը մեր թոռներին, նրանք չեն հետաքրքրւի դրանցով, քանի որ երբեք չեն իմացել դրանց մասին։

Եզրափակելով, խորհուրդ կը տամ միշտ վառ պահել երազանքը: Մինչ թշնամիների գործողութիւնների պատճառով մենք զրկւած ենք մեր հողերից, մեզանից է կախւած յիշողութիւնը չկորցնելու եւ երազելու, որ մի օր մեր հայրենի հողերը վերադառնալու մասին։ Եկէ՛ք մեր պահանջները փոխանցենք գալիք սերունդներին։ Թշնամին խլել է մեր հողերը, բայց նա չի խլել եւ չի կարող խլել մեր յիշողութիւնը։ Մոռանալով մեր պատմական հողերի մասին՝ մենք ինքներս օգնելու ենք մեր թշնամիներին վերջին քարը դնել մեր դատի գերեզմանին…

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button