Եւրոպայի նորընծայ չեմպիոն Արման Անդրէասեան․ «Յաղթանակս նւիրում եմ 44-օրեայ պատերազմում անմահացած եղբօրս՝ Տարօն Անդրէասեանին»
Յաղթանակս նւիրում եմ 44-օրեայ պատերազմում անմահացած եղբօրս, Տարօն Անդրէասեանին եւ բոլոր զինւորներին, որոնք պահպանում են մեր սահմաննեը: Տարօնի շնորհիւ ես ընտրեցի ըմբշամարտը: Նրա խորհրդով եմ յաճախել ըմբշամարտի: Երջանիկ եմ, որ իմ յաղթանակը մեծ ուրախութիւն պարգեւեց մեր ազգին, իմ հարազատներին, ընկերներին:
Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրւյցում Ռումինիայից ասաց Եւրոպայի նորընծայ չեմպիոն Արման Անդրէասեանը:
Բուխարեստում անցկացւած ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում Արման Անդրէասեանը, 4 յաղթական գօտեմարտ անցկացնելով, մարզական կարիերայում առաջին անգամ նւաճեց չեմպիոնի տիտղոսը:
– Արման, շնորհաւորում եմ Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը նւաճելու կապակցութեամբ: Ի՞նչ զգացողութիւններ ունես:
– Շնորհակալ եմ շնորհաւորանքի համար: Բարձր տրամադրութիւն ունեմ: Տպաւորութիւններս աննկարագրելի են: Ուրախ եմ, որ կարողացայ յաղթել:
– Սպասւա՞ծ էր յաղթանակդ:
– Արդէն սպասում էի: Իսկապէս սպասւած էր այս չեմպիոնութիւնը, որովհետեւ այս անգամ շատ էի պատրաստւել, որ առաջինը լինէի: Աշխարհի առաջնութիւնում կային որոշ թերութիւններ, որոնց վրայ աշխատեցինք, շտկեցինք եւ այդ մեծ աշխատանքի շնորհիւ հասանք արդիւնքի:
– 4 գօտեմարտ անցկացրիր եւ գրեթէ բոլորում յաղթանակ վերջին վայրկեաններին: Բա՞րդ էին:
– Բոլոր գօտեմարտերս էլ բարդ էին: Ուժեղ մրցակիցներ էին: Յատկապէս կառանձնացնեմ կիսաեզրափակիչի գօտեմարտը աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Մուսուկաեւի հետ: Նա 65 կգ. քաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր: Նրա հետ գօտեմարտելիս մի քիչ լարւածութիւն կար: Եզրափակիչում էլ թեթեւ լարւածութիւն ունէի, բայց ոչ այդքան:
Իսկապէս գօտեմարտերումս ստացւում էր յաղթանակի հասնել վերջին վայրկեաններին: Վերջում էր ստացւում հնարքներս յաջող աւարտելը: Բոլորի հետ մինչեւ վերջին վայրկեանը մտածում էի, որ ինչ էլ լինի, պարտւելիս պէտք է միաւոր անեմ: Այդպէս ստացւում էր:
– Սա քո առաջին չեմպիոնութիւնն է Եւրոպայի առաջնութիւններում: Ինչո՞ւ մինչ այս չէր ստացւել: Ի՞նչն էր պակասում:
– Թերութիւններն են շատ եղել: Միշտ ինչ-որ բան պակաս է եղել, այդ պատճառով չեմ կարողացել մինչեւ վերջ յաղթել: Այս անգամ մարզիչների հետ շատ մեծ աշխատանք էինք տարել թերութիւններիս վրայ: Դեռ շատ աշխատանք էլ կայ անելու: Պէտք է շարունակեմ շտկել սխալներս, որ աւելի մեծ արդիւնքներ ունենանք. յետ չգնամ:
– Ի՞նչ զգացողութիւններ ունեցար պատւոյ հարթակին ոսկէ մեդալով պարգեւատրւելուց յետոյ:
– Շատ ուրախ էի, որ իմ պատւին հնչեց մեր հիմնը: Երջանիկ եմ, որ յաղթանակս ուրախացրել է ազգիս, իմ հարազատներին, ընկերներին: Ինձ համար սա մեծ հպարտութիւն է: Ուրախ եմ այդ ամենի համար: Երբ Արսէն Յարութիւնեանը նւաճեց 4-րդ տիտղոսը, աւելի ոգեւորւեցի: Նաեւ նրա յաղթանակն ինձ օգնեց այս յաղթանակում: Այսօր տխրեցինք միայն Վազգէն Թեւանեանի համար, բայց չենք յուսահատւում թիմով: Նրանք երկուսով այնպէս կանեն, որ կը յաղթեն Օլիմպիական խաղերում եւ ամէն ինչ կընկնի իր տեղը:
– Ո՞ւմ ես նւիրում յաղթանակդ:
– Նւիրում եմ հերոս եղբօրս, Տարօն Անդրէասեանին: Նա իմ հօրեղբօր որդին է, որն անմահացել է 44-օրեայ պատերազմում: Նաեւ ցանկանում եմ նւիրել մեր ազգին, բոլոր նրանց, ովքեր հպարտանում եւ ուրախանում են մեր յաղթանակներով ու մեր զինւորներին: Թող բոլորը խաղաղ երկնքի տակ ծառայեն եւ վերադառնան իրենց ընտանիքներին:
– Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղւել ըմբշամարտով, ո՞ւմ խորհրդով:
– Ես ըմբշամարտով սկսել եմ զբաղւել 9 տարեկանից անմահացած եղբօրս Տարօնի խորհրդով: Նա յաճախում էր ըմբշամարտի եւ ինձ մի օր խորհուրդ տւեց մարզւել ու իր հետ տարաւ մարզադպրոց: Ես շարունակեցի մարզւել, նա դուրս եկաւ: Մարզւել եմ Ռազմիկ Գոլեցեանի մարզադպրոցում: Մարզիչս եղել է նրա որդին՝ Ռաֆիկ Գոլեցեանը:
Լուսինէ Շահբազեան