Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Երկրորդ օրը գոլառատ չէր
«ԱԼԻՔ» – Կատարում մեկնարկած ֆուտբոլի Ասիայի գաւաթի երկրորդ օրն աչքի չընկաւ գոլերի առատութեամբ: Կայացած երեք հանդիպումներում ընդամէնը դարպասի երկու գրաւում արձանագրւեց:
A խմբի երկրորդ խաղում Չինաստանի եւ Տաջիկստանի հաւաքականների հանդիպման ընթացքում դարպասի գրաւում չարձանագրւեց: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Նոյն գոլազուրկ՝ 0:0 հաշիւը գրանցւեց նաեւ B խմբի՝ Ուզբեկստան-Սիրիա խաղում: Այս խմբում կայացած միւս խաղում Աւստրալիայի հաւաքականը 2:0 հաշւով պարտութեան մատնեց Հնդկաստանի հաւաքականին: «Կենգուրուներ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Ջեկսոն Այրւինը (50-րդ րոպէ) եւ Ջորդան Բոսը (73-րդ րոպէ):
Այսօր՝ յունւարի 14-ին, կը կայանայ եւս երեք խաղ: C խմբում Իրանի հաւաքականը ուժերը կը չափի Պաղեստինի ընտրանու հետ, իսկ ԱՄԷ-ն՝ Հոնկոնգի հետ: D խմբում կը կայանայ մէկ հանդիպում. Ճապոնիա-Վիետնամ: