Նորւեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի դէմ բողոք է ներկայացրել՝ Թրամփին «Խաղաղութեան մրցանակ» շնորհելու համար

Նորւեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ-ի էթիկայի յանձնաժողով՝ պահանջելով պարզաբանել Դոնալդ Թրամփին «ՖԻՖԱ-ի խաղաղութեան մրցանակ» շնորհելու որոշման հիմքերն ու չափանիշները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նորւեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լիզէ Կլաւենէսը յայտարարել է, որ նախաձեռնութեան նպատակն է ապահովել թափանցիկութիւն եւ պարզել, թէ ինչ չափորոշիչներով է շնորհւել այդ մրցանակը։ Նա ընդգծել է, որ դիմումը ներկայացւել է ֆեդերացիայի ընդհանուր ժողովի աջակցութեամբ։
Այս քայլը հետեւում է նաեւ իրաւապաշտպան FairSquare կազմակերպութեան նախկին բողոքին, որով ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն մեղադրւում էր քաղաքական չէզոքութեան սկզբունքը խախտելու մէջ։
Վիճայարոյց մրցանակն Ինֆանտինոն Թրամփին էր յանձնել 2025 թւականի դեկտեմբերին՝ 2026 թւականի աշխարհի առաջնութեան վիճակահանութեան արարողութեան ժամանակ։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ քայլը արտացոլում է Ինֆանտինոյի եւ Թրամփի սերտ յարաբերութիւնները եւ նոր քննադատութիւնների տեղիք է տւել՝ ՖԻՖԱ-ի քաղաքականացւելու առնչութեամբ։



