«ԱԼԻՔ» – Երկուշաբթի, սեպտեմբերի 4 -ին Թեհրանի Սուրբ Մինաս եկեղեցում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւել է Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը։
Խաղերի 54-րդ շրջանի ջահակիրն է՝ Իրանի կանանց բասկետբոլի ազգային հաւաքականի աւագ Թինա Իսայեանը։
Սրբազան Հօրը արարողութեան ընթացքում ընկերակցում էր Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:
Օրհնւած կրակը անւանի մարզիկի ձեռամբ եւ «Արարատ»-ի մինիբասկետբոլիսների ընկերակցութեամբ տեղափոխւեց մարզաւան, որտեղ Թինա Իսայեանը կրակը յանձնեց Մարզական միութեան նախագահին, ապա Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ այն տեղակայւեց Սուրբ Խաչ մատուռում։
Յիշեցնենք, որ օրհնւած կրակով է բոցավառւելու Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը: Բացման հանդիսութիւնը տեղի կունենայ հինգշաբթի, սեպտեմբերի 7-ին «Արարատ» մարզաւանում:
54-րդ Համահայկականն անց է կացւելու` բասկետբոլ, վոլէյբոլ (աղջկանց), թեթեւ ատլետ, սեղանի թենիս, թենիս, եւ ժայռամագլցում մարզաձեւերում, որին մասնակցելու են Թեհրանի, Թաւրիզի, Ուրմիայի, Գեարդաբադի եւ Սպահանի մարզամշակութային միութիւնները: Մասնակցութեան դիմում կայ նաեւ Հայաստանից,- «ԱԼԻՔ»-ին յայտնել է Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը: