Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Վստահ յաղթանակ՝ առաջին քայլում

Իրան-Պաղեստին՝ 4:1

«ԱԼԻՔ» – Հակառակ երկրորդ օրւան, ֆուտբոլի Ասիայի գաւաթի երրորդ օրն աչքի ընկաւ գոլերի առատութեամբ: Կայացած երեք հանդիպումներում խփւեց 15 գնդակ:

Օրւայ առաջին հանդիպումը կայացաւ D խմբում: Ճապոնիան ուժերը չափեց Վիետնամի ընտրանու հետ: Այս խաղը կարող էր դառնալ մրցաշարի առաջին սենսացիան, եթէ, իհարկէ, վիետնամցիներին յաջողւէր պահպանել յաղթական՝ 1:2 հաշիւը: Սենսացիան, այդպէս էլ չստացւեց: Ճապոնացիները յաղթեցին 4:2 հաշւով:

 Յաջորդ երկու հանդիպումները կայացան C խմբում: Առաջին խաղում ԱՄԷ-ի հաւաքականը լուրջ խնդիրներ չունեցաւ Հոնկոնգի դէմ: Վերջնահաշիւը 3:1 էր յօգուտ ԱՄԷ-ի:

Իսկ օրւայ վերջին խաղում Իրանի հաւաքականը ուժերը չափեց Պաղեստինի հետ: Մրցաշարի մեկնարկը մեր ընտրանու համար փայլուն ստացւեց: Գրանցւեց 4:1 հաշւով վստահ յաղթանակ:

Իրանի կազմում գոլերի հեղինակ դարձան Քարիմ Անսարիֆարդը (2-րդ րոպէ), Շոջա Խալիլզադէն (12-րդ րոպէ), Մեհդի Ղաէդին (38-րդ րոպէ) եւ Սարդար Ազմունը (55-րդ րոպէ): Պաղեստինցիների միակ գնդակը խփեց Թամեր Սէյամը (45+6-րդ րոպէ):

Այսօր կը կայանայ եւս երեք հանդիպում, D խմբում մրցադաշտ դուրս կը գան Իրաքի եւ Ինդոնեզիայի հաւաքականները, իսկ E խմբում Հարաւային Կորէա-Բահրէյն, Մալազիա-Յորդանան:

Related Articles

Back to top button