Էդւարդ Շարմազանով. ՀՀ-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բաւարարման ու հնարաւոր բախման վայր

Հայաստանի ինքնիշխանութիւնից գրեթէ բան չի մնացել։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը, տեղեկացրել է «Թերթ»-ը:
«Երկրիս կառավարիչներն առաւօտից երեկոյ խօսում են ինքնիշխանութեան ամրապնդումից, բայց իրականում պետութիւնը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետութեան ինքնիշխանութիւնը։
Փաստերով ներկայացնեմ. սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դէմ։
Յետոյ Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել սահմանադրութիւնը։
Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մէկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դէմ «պլացդարմ»։
Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։
Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։
Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքւէ։
Ինչպէս տեսնում ենք, չկայ մի օրակարգ, որն արտաքին ազդեցութիւն չունենայ։
Ու այսքանից յետոյ էս մարդիկ դեռ համարձակւում են խօսել ՀՀ անկախութիւնից եւ ինքնիշխանութիւնից։
ՀՀ-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բաւարարման ու հնարաւոր բախման վայր։
Պատկերացնո՞ւմ էք, եթէ ՀՀԿ իշխանութեան տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լինէր։
Ի՞նչ կանէին ու կասէին այսօրւայ «ինքնիշխանները»։
Բա խօսէ՞ք, ինչո՞ւ էք բերաններդ ջուր առել։
Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բեւեռ չմնաց, որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։
Հայաստանի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը բացարձակ արժէք է եւ ամենեւին կապ չունի, թէ այդ «առաջարկները» որտեղից են հնչում»,-գրել է նա։



