Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փօլ Փոլման. «Ռուբէն Վարդանեանը մեզ յիշեցնում է, որ նպատակն աւելի ուժեղ է, քան պատիժը»

«Ռուբէն Վարդանեանի հիմնարար իրաւունքները խախտել են, ազատութիւնից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մէջ, ովքեր կիսում են նրա խիզախութիւնն ու համոզմունքները»,- այս մասին ասել է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, «IMAGINE կազմակերպութեան համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փօլ Փոլմանը՝ խօսելով «Աւրորա» մարդասիրական նախաձեռութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի մասին:

2025 թ․ «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան ժամանակ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրաւահաւասարութեան հարցերի պաշտպան Փօլ Փոլմանը յարգանքի տուրք մատուցեց «Աւրորա»-ի համահիմնադիր, բարերար եւ սոցիալական ձեռներէց Ռուբէն Վարդանեանին, որին ապօրինաբար անազատութեան մէջ են պահում Ադրբեջանում: Խօսելով Ռուբէնի ժառանգութեան մասին՝ Փոլմանը նկատեց, որ չնայած Ռուբէնի բացակայութիւնը խորապէս զգացւում է, նրա ոգին շարունակում է ոգեշնչել «Աւրորա»-ին՝ շարունակելու իր աշխատանքը եւ արդարութեան ու յոյսի համար համաշխարհային շարժումը։

Ստորեւ ներկայացնում ենք Փօլ Փոլմանի խօսքի թարգմանութիւնը, որը տպագրել է 168.am-ը:

«Այսօր մենք խօսում ենք մի մարդու մասին, որի բացակայութիւնը զգացւում է այս սրահի իւրաքանչիւր անկիւնում, բայց որի ներկայութիւնը միաժամանակ զգում ենք պատերից ու սահմաններից անդին։ Մենք խօսում ենք մեր ընկեր Ռուբէն Վարդանեանի մասին։ Բոլորս գիտենք, որ Ռուբէնն անարդարացիօրէն եւ անօրինական կերպով կալանաւորւած է Ադրբեջանում։

Արժէքները, որոնք նա դաւանում է, այսօր, հէնց այստեղ, խօսում են մեզնից իւրաքանչիւրի միջոցով։ Ռուբէնին ճանաչելով՝ ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզութիւն, ճանաչում ենք մի մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որը տեսել է հնարաւորութիւններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարաւորութիւններ այնտեղ, որտեղ դրանք պէտք է որ չլինէին, հիմնել է դպրոցներ միւսների համար անհեռանկարային վայրերում, եւ կառուցել վստահութեան կամուրջներ բաժանարար գծերի վրայ, որոնք շատերը համարում էին անյաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհն անտեսել էր: «Աւրորան» ծնւել է այդ նոյն տեսլականից, ըստ որի երախտագիտութիւնը ոչ թէ զգացմունք է, այլ պատասխանատւութիւն, որ կարեկցանքը ոչինչ չի նշանակում, եթէ այն մեզ չի մղում գործողութիւնների։ «Աւրորա» մրցանակի միջոցով Ռուբէնն օգնել է պատւել նրանց, ովքեր ամէն ինչ վտանգել են յանուն ուրիշների արժանապատիւ կեանքի։

Մեր ժամանակների մեծագոյն անարդարութիւններից է, որ մարդկային ազատութեան համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատութիւնից։ Սա յիշեցում է այն մասին, թէ որքան փխրուն կարող է լինել արդարութիւնը, եւ որքան կարեւոր է բարձրաձայնել անարդարութեան մասին։ Ռուբէնի բանտարկութիւնը զուտ անձնական անարդարութիւն չէ։

Սա վիրաւորանք է այն արժէքների նկատմամբ, որոնց յարգանքի տուրք ենք մատուցում այսօր այստեղ։ Արդարութիւն, խիզախութիւն, մարդկայնութիւն եւ յոյս։ Նա մեզ յիշեցնում է, որ նպատակն աւելի ուժեղ է, քան պատիժը, եւ որ բարոյական խիզախութիւնը յաճախ ունենում է ծանր գին։

Ահա, թէ ինչու ենք մենք «Աւրորա» մրցանակով պատւում այդպիսի խիզախութիւն ցուցաբերողներին, եւ թէ ինչու է դա այդքան կարեւոր։ Որովհետեւ նրանց պատմութիւններն աշխարհին պատմելով՝ մենք պաշտպանում ենք մեզ միաւորող սկզբունքները եւ վերահաստատում, որ նոյնիսկ ամենամռայլ ժամանակներում մարդկայնութեան լոյսն ի զօրու է ճառագել։

Պատմութիւնը մեզ ասում է, որ արդարութեան աղեղը թեքւում է միայն այն ժամանակ, երբ բաւարար թւով մարդիկ պատրաստ են կրել դրա ծանրութիւնը։ Այսօր երեկոյեան դրա ծանրութիւնը կրողների թւում են նրա կինը՝ Վերոնիկան, եւ նրա չորս զաւակները, որոնք մեր սրտերում եւ աղօթքներում են: Եկէ՛ք պատւենք Ռուբէնին ոչ միայն խօսքով, այլեւ արդարութեան մեր ընդհանուր պահանջով։ Վերջերս բոլորս ոգեւորւել էինք՝ լսելով, թէ ինչպէս է Միացեալ Նահանգների նախագահ Թրամփը Սպիտակ տանը փաստացի խոստացել վարչապետ Փաշինեանին Բաքւից վերադարձնել քրիստոնեայ հայ գերիներին: Կարծում եմ՝ բոլորս պէտք է աշխատենք՝ փորձելով այնպէս անել, որ այդ խոստումն իրականութիւն դառնայ հնարաւորինս արագ։ Եկէ՛ք Ռուբէնին եւ Ադրբեջանում դեռ պահւող բոլոր միւս հայ ռազմագերիներին անյապաղ ազատելու կոչ անենք:

Եկէ՛ք ցոյց տանք, որ համերաշխութիւնը պարզապէս կարգախօս չէ, որ այն  ընտրութիւն է, որն արւում է նորից ու նորից ու յատկապէս՝ ամենադժւար պահերին։ Ռուբէնը մի անգամ ասել է, որ երախտագիտութիւնը կամուրջ է ցաւի եւ նպատակի միջեւ: Այսօր երեկոյեան ես անկեղծօրէն յոյս ունեմ, որ մենք կը կարողանանք միասին անցնել այդ կամրջով։

Եւ մինչեւ նա ազատ չարձակւի, մենք չենք հանգստանայ»:

Related Articles

Back to top button