Ադրբեջանը որպէս արհեստական, կեղծ կազմաւորում

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
34 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1991 թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետութեան պետական անկախութեան վերականգնման մասին» հռչակագիր՝ այդպիսով ազդարարելով Խորհրդային Միութեան կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։ Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել է 1918 թ. մայիսի 28-ից մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը գոյութիւն ունեցած, սակայն միջազգայնօրէն չճանաչւած Ադրբեջանի Հանրապետութեան անկախութիւնը:
Ահա այդ հռչակագրի լուսապատճէնն ուշագրաւ հատւածների նշագծմամբ.
Հարկ է նշել, որ 1918 թւականի մայիսի 28-ից մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութիւնը դասական իմաստով չի եղել պետութիւն, այլ եղել է արհեստական, կեղծ կազմաւորում:
Ադրբեջանի արհեստական լինելու մասին 1916-1920 թթ. ռուսական բանակի գեներալ-լէյտենանտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Անտոն Դենիկինը, մասնաւորապէս, գրել է. «Ադրբեջանական հանրապետութիւնում ամէն ինչ արհեստական էր, «ոչ իրական»՝ սկսած անւանումից, որը վերցւած էր Պարսկաստանի նահանգներից մէկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքւի եւ Ելիզաւետպոլի նահանգները, ռուսական Մուղանը, որը թուրքական քաղաքականութեան կողմից միաւորւել էր, որպէս Կովկասում պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի յենակէտ: Արհեստական պետականութիւն, քանի որ ժողովուրդների մեծ վերաբնակեցման ճանապարհին ընկած հողերում միշտ բնակւում էին միմեանց յաջորդող նւաճողների բազմազան մշակոյթների ներգործութեանը ենթարկւած մանր ցեղեր, որոնք թշնամութիւն էին անում միմեանց նկատմամբ եւ մինչ օրս պահպանում էին քոչւորական կենսակերպին բնորոշ գծերը: Վերջապէս, արհեստական էր պահւում նաեւ ադրբեջանական կառավարութիւնը՝ սկզբնապէս Նուրի փաշայի կամքով, այնուհետեւ՝ գեներալ Թոմսոնի, հետագայում՝ ուղղակի իներցիայով:
…Ադրբեջանում քաղաքական կուսակցութիւնները, որոնք ի յայտ էին եկել միայն 1918 թւականին, նոյնպէս ինչ-որ ոչ իրական էին։
…Ադրբեջանական բանակը նոյնպէս իրական չէր: Այն կազմաւորումները, բաղկացած հիմնականում թուրք կամաւորներից, որոնք Մարսալա փաշայի զօրքերի հետ միասին գրաւեցին Բաքուն, լուծարւեցին անգլիացիների ճնշման տակ, եւ կառավարութիւնը սկսեց ձեւաւորել նոր զօրամասեր ռուսական ծառայութեան գեներալներ Մեհմանդարովի (զինւորական նախարար), Սուլկեւիչի (Ղրիմի նախկին կառավարիչ), Ալի-Աղա-Շախլինսկու (հրետանային գնդի պետ) եւ այլոց գլխաւորութեամբ…
Կանոնաւոր ծառայութեան նկատմամբ անդրկովկասեան թաթարների ծայրայեղ հակակրանքի պատճառով բանակի կազմաւորումը վճռականօրէն չէր յաջողւում, իսկ զանգւածային դասալքութիւնը վերջնականապէս խաթարեց նրա շարքերը: Եւ գեներալ Մեհմանդարովը մի անգամ ստիպւած եղաւ խորհրդարանում յայտարարել, որ իր բանակը մարտունակ չէ…»:
Մէջբերումը խիստ արժէքաւոր է: Նկարագրւածը մեծ հաւանականութեամբ պէտք է համարել լիովին ճշգրիտ եւ իրական, քանզի նախ՝ դրանք ականատես վկայի խօսքեր են՝ այդ ամէնը հեղինակը տեսել է անձամբ իր աչքերով:
Երկրորդ՝ դրանք առաջին անգամ հրապարակւել են Ադրբեջանի հռչակումից ոչ թէ տասնամեակներ, կամ հարիւրամեակներ յետոյ, որ կարելի լինի կարծել, թէ նշւած տեղեկութիւնները չափազանցութիւն են, կամ՝ սխալ, այլ ընդամէնը 7 տարի անց՝ 1925 թւականին: Այսինքն՝ մէջբերւածի վերաբերեալ հեղինակի յիշողութիւնները եղել են բաւականին թարմ:
Եւ երրորդ՝ մէջբերւած տեղեկութիւնները հաստատւում են նաեւ այլ աղբիւրներով: Նշւած պատճառներով էլ գեներալ Ա. Դենիկինի յայտնած տեղեկութիւններն Ադրբեջանի վերաբերեալ պէտք է համարել եռակի արժէքաւոր:
Այսպիսով, գեներալ Ա. Դենիկինի վկայութիւնների հիման վրայ կարող ենք պնդել, որ 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանը հանդիսացել է ոչ թէ պետականութեան յատկանիշներով օժտւած պետութիւն, այլ՝ արհեստական, կեղծ կազմաւորում:
Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը վերոնշեալ հռչակագրի մէջ հրապարակել է ակնյայտ կեղծ տեղեկութիւն առ այն, որ 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութիւնը եղել է միջազգայնօրէն ճանաչւած պետութիւն:
Այս առնչութեամբ անհրաժեշտ է նշել, որ ներկայիս ՄԱԿ-ի իրաւանախորդ Ազգերի լիգան 1920 թ. դեկտեմբերի 1-ին պաշտօնապէս գրաւոր մերժել է Ադրբեջանի՝ Ազգերի լիգային անդամակցելու մասին դիմումը՝ Ադրբեջանի՝ նախկինում երբեք պետութիւն չլինելու, հարեւան պարսկական նահանգի անւանումը իւրացնելու ու սեփական պետութեան անւանում դարձնելու եւ հարեւան երկրների հետ ունեցած սահմանային վէճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինութեան պատճառներով:
Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը, հռչակագրում ամրագրելով կեղծ տեղեկութիւն, չի խորշել խաբել ինչպէս սեփական քաղաքացիներին, այնպէս էլ համաշխարհային հանրութեանը:
Փաստօրէն, «Ադրբեջանի Հանրապետութեան պետական անկախութեան վերականգնման մասին» հռչակագրում ամրագրելով Ադրբեջանի Հանրապետութեան՝ միջազգայնօրէն ճանաչւած լինելու մասին ակնյայտ սուտ տեղեկութիւն՝ Ադրբեջանի Գերագոյն խորհուրդը կեղծել է Ադրբեջանի Հանրապետութեան ստեղծման գլխաւոր փաստաթուղթը:
Նկատի ունենալով տւեալ փաստը՝ կարող ենք պնդել, որ միջազգայնօրէն չճանաչւած, արհեստական, կեղծ կազմաւորման՝ 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութեան իրաւայաջորդ ներկայիս Ադրբեջանի Հանրապետութիւնը նոյնպէս կեղծ «պետութիւն» է: