ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը այսօր կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու տիրող իրավիճակը
«ԱԼԻՔ» – Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայէլ Գրոսսին այսօր՝ օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու այդ վայրում տիրող իրավիճակը։
Այս մասին ասւում է կազմակերպութեան կայքում հրապարակւած մամուլի հաղորդագրութեան մէջ: Փոխանցում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:
«Կուրսկի ատոմակայանի մերձակայքում նոր զարգացումների եւ ռազմական ակտիւութեան աճի լոյսի ներքոյ ես ուշադիր հետեւել եմ իրավիճակին, յատկապէս, երբ այն վերաբերում է կայանին:
Իրավիճակն անընդհատ փոխւում է։ Կարեւոր է, որ վաղը ատոմակայանում ես ինքս տեսնեմ, թէ ինչ է կատարւում եւ քննարկեմ հետագայ գործողութիւնները, որոնք կարող են պահանջւել Կուրսկի ԱԷԿ-ի ֆիզիկական եւ միջուկային անվտանգութեան պայմանները գնահատելու համար», – ասել է Գրոսսին:
Նրա խօսքով, զինւած հակամարտութիւնների ժամանակ միջուկային անվտանգութեան սկզբունքները, ինչպէս նաեւ յատուկ Զապորոժիէի ԱԷԿ-ի համար մշակւած սկզբունքները կարող են կիրառւել նաեւ Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ։