Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախութեան օրը, տեղի կունենայ հանրահաւաք

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախութեան օրը, տեղի կունենայ հանրահաւաք: Այս մասին յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

«Սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու յաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առաւ հայկական երկրորդ հանրապետութիւնը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարութիւնները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանութիւնը եւ հրաժարւել արժանապատւութիւնից ու մեր բոլոր իրաւունքներից։

Սակայն, ճշմարտութիւնը մէկն է. Արցախի էջը փակւած չէ, մեր ժողովուրդն ունի իրաւունքներ, որոնց համար պայքարը ոչ թէ վտանգում է Հայաստանի Հանրապետութիւնը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետեւանքով հարիւր հազարաւոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միեւնոյն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրայ, ապրեցնել ազգային ժառանգութիւնը։

Ու այս պայքարը միայն արցախահայութեան պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաեւ Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամէն հայ մարդու պայքարն է։

Եւ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնութիւններից, այս հարցում մենք պէտք է լինենք միասնական եւ տէր կանգնենք մեր իրաւունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատութեան հրապարակում կը կազմակերպւի միասնութեան մեծ հաւաք, որտեղ մենք բոլորով կը յայտարարենք`

Արցախեան հակամարտութիւնը լուծւած չէ, որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ եւ ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրւած պայմանաւորւածութիւնները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրաւունքները, որ մենք պահանջում ենք Բաքւում պահւող հայ գերնիների վերադարձ։

Աշխարհը պէտք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում եւ շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատութեան հրապարակում միասին՝ յանուն մեր իրաւունքների, յանուն Արցախի վերադարձի, յանուն մեր ազգային արժանապատւութեան, յանուն Հայաստանի Հանրապետութեան»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button