Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Այսպէս գնալու դէպքում մենք բոլորս կորցնելու ենք պետութիւնը»

Հայ փորձագիտական միտքը խօսում է հայկական պետականութեան կորստի իրական ռիսկի մասին, իսկ ՀՀ քաղաքացիների մի ստւար զանգւած հաւատում է Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան», «այլ երկրից կախում չունեցող պետութիւն» կառուցելու գաղափարախօսութեան մասին խոստումներին, չնայած՝ նրա իրական քայլերը տրամագծօրէն դրա հակառակի մասին են խօսում։ Առաջադէմ քաղաքական-վերլուծական միտքը հասարակութեանը ինչ այլընտրանք պէտք է առաջարկի, որպէսզի հասնենք այնքան բաղձալի եւ կարեւոր արդիւնքին՝ պետականութեան ամրապնդման եւ զագացման նպատակի շուրջ ժողովրդի միաւորմանը։ Այդ հարցերի շուրջ Panorama.am-ին իր մօտեցումներն է ներկայացրել «Այլընտրանքային» նախագծեր վերլուծական հարթակի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։

Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերի առաջին մասը՝ ստորեւ.

-Այո, որքան էլ ցաւալի է՝ մենք գործ ունենք, պարտութեան քաղաքացու եւ պարտութեան հասարակութեան հետ։ Սա շատ վտանգաւոր, շատ բարդ բան է եւ շատ ժողովուրդներ են դրա միջով անցել։ Այն ժողովուրդները, որոնք ունեցել են ադեկւատ, սառը մտածող վերնախաւէր, որոնք ընդունել են պարտութիւնը եւ իրենց հասարակութիւններին առաջարկել են յետպատերազմեան, յետպարտութեան վերականգնման ճանապարհային քարտէզ, որը մեծ բովադակութեամբ տեսլական է՝ ոտքի կանգնել, շարժւել առաջ, որ էլիտաները շուտ եւ գրագէտ են այն առաջարկել, այդ հասարակութիւնները շուտ ոտքի են կանգնել եւ զարգացել։

 -Թէեւ մեր պրոբլեմն այս հասարակութիւնը չէ, այլ այն նոր էլիտան է, որ այս հասարակութեանը պէտք է բան առաջարկի՝ կանգնել ոտքի եւ գնալ առաջ։ Ապագայի այդ տեսլականը։

-Լոզունգներով կամ գործող իշխանութիւններին հայհոյելով ոչինչ չի փոխւելու։ Մարդիկ կը մեկուսանան, կը փակւեն իրենց տներում, կը մտածեն հեռանալու մասին, կը մտածեն բոլորից հոգնելու, բոլորից զզւելու մասին։ Մեր երկրին անհրաժեշտ է ոչ թէ անդադար քննարկել անցեալը, ոչ թէ անդադար հայհոյել ներկան, այլ մեր երկրին պէտք է ցոյց տալ ապագան՝ հեռանկարը։

-Այստեղ ապրում են սովորկան մարդիկ, իրենց ընտանիքներով եւ իրենք ուզում են իմանալ իրենց վաղւայ օրը։ Այն եւ սոցիալական վիճակն է եւ անվտանգութիւնն է, անվտանգային միջավայրը։ Քանի այն մենք չենք արել՝ մեր ճգնաժամը խորանում է։

-Մենք լուրջ ճգնաժամի մէջ ենք, որպէս պարտութեան հասարակութիւն, բայց մենք լուրջ մարտահրաւէրներ ունենք նաեւ մեր սահմաններին։ Ոչ մէկը չի չեղարկել մեր հարեւանների ախորժակը։ Մենք պէտք է մեր մէջ ուժ գտնենք, զսպել հանրութեան տարբեր շերտերի միջեւ առկայ վիրաւորանքները, մեր մէջ պէտք է ուժ գտնենք երկխօսութեան եւ ելքեր փնտրելու։

-Ինձ համար այսօր լիդերն այն չէ, ով որ հայհոյում է, շատ փող ունի, կամ աւելի բարձր է գոռում, կամ նա, ով աւելի լաւ է մեղադրում դիմացինին։ Իմ համար լիդերը նա է, ով այսօր առաջարկում է ելքեր՝ ներքին հաշտութեան, որովհետեւ առանց դրա այս երկիրը չունի ապագայ եւ ով որ կարեւորում է գրագետ միտքը, խօսքը եւ գրագէտ միջավայրը, որովհետեւ Հայաստանում  առանց գրագիտութեան մենք ելքեր չենք գտնելու շատ բարդ է վիճակը։

-Մեր դիմաց կանգնած է շատ լուրջ գիշատիչ մեքենայ, յանձինս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ մեծ ամբիցիաներով մեր հանդէպ։ Աշխարհն անկայում է, խառն է եւ մենք ենք բզկտւած ու պարտւած։ Մենք պէտք է մեր մէջ ուժ գտնենք՝ ոտքի կանգնելու եւ գրագէտ ծրագրեր մշակելու, թէ ինչպէս ենք ապրելու, ինչպէս ենք կառավարելի դարձնելու ռիսկերը մեր սահմաններին եւ ներսում։

-Այս տենդենցը տանում է պետականութեան կազմաքանդման։ Էն ինչ որ տեսանք Ղարաբաղում, հաշւի առնելով ծաւալները, հետեւանքները, նոյնը լինելու է այստեղ, եթէ մենք այս միտումները շարունակեցինք։

Related Articles

Back to top button