Նիկոլ Փաշինեանը ստո՞ւմ է, թէ՞ չգիտի

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
Արցախի Հանրապետութիւնն օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանը 2025 թ. մարտի 21-ին, մասնաւորապէս, յայտարարել է. «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս»:
Հիմնւելով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ միջազգային հանրութեան կողմից ընդունւած փաստաթղթերի վրայ, փորձենք պարզել՝ արդեօ՞ք վերոնշեալ մէջբերումը համապատասխանում է իրականութեանը, թէ՝ ոչ:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա ի՞նչ նպատակով է միջազգային հանրութիւնը ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա եռանախագահութեան ինստիտուտը:
Դեռեւս 1992 թ. միջազգային հանրութիւնը սկսել էր ուշադրութիւն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտութեանը եւ փորձել ձեռնարկել միջոցներ կարգաւորելու այն: Այդ նպատակով 1992 թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրաւիրւած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշւել է հնարաւորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրաւիրել խորհրդաժողով 11 պետութիւնների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնութեան, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետութեան եւ Շւեդիայի մասնակցութեամբ:
Լեռնային Ղարաբաղի ընտրւած եւ այլ ներկայացուցիչները` որպէս շահագրգիռ կողմ, կը հրաւիրւեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ:
Ադրբեջանի եւ Արցախի միջեւ ռազմական գործողութիւնների սրման պատճառով նշւած խորհրդաժողովն այդպէս էլ չհրաւիրւեց, սակայն անւանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանւեց: Մինսկի խորհրդաժողովը վերածւեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցաւ ոչ թէ Մինսկում, այլ Հռոմում` 1992 թ. յունիսի 1-5-ին:
1994 թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթնաժողովում որոշւել է հնարաւորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպէսզի ստեղծւի ընդհանուր եւ համաձայնեցւած հիմք բանակցութիւնների համար:
Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտութեան կարգաւորման համար համապատասխան հիմք ձեւաւորելու համար:
Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահութեան ինստիտուտի գործունէութեան հիմնական նպատակը հետեւեալն է. «…աջակցել հակամարտութեան կարգաւորմանն առանց ուժի կիրառման, մասնաւորապէս՝ դյիրացնելով բանակցութիւնները խաղաղ եւ համապարփակ կարգաւորման համար…»:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա ինչպէ՞ս հասկանալ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի խաղաղ կարգաւորմամբ զբաղւելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան կողմից կոնֆլիկտի կարգաւորման նպատակով կոնֆլիկտի կողմերին ներկայացւած «Փաթեթային» (1997 թ. մայիս-յունիս), «Փուլային» (1997 թ. սեպտեմբեր), «Ընդհանուր պետութիւն» (1998 թ. նոյեմբեր), «Մադրիդեան սկզբունքներ» (2007 թ. նոյեմբեր) առաջարկութիւնները:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա
- ինչպէ՞ս հասկանալ 2009 թ. յուլիսի 10-ին Իտալիայի Լակւիլա քաղաքում հրաւիրւած մեծ ութնեակի գագաթաժողովի շրջանակում Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ յայտարարութիւնը, որտեղ յայտարարութեան կողմերն արձանագրել են, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պէտք է կարգաւորւի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների հաւասար իրաւունքների եւ ինքնորոշման սկզբունքների համաձայն:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա
ինչպէ՞ս հասկանալ 2022 թ. փետրւարի 17-ին Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, որտեղ արձանագրւել է հակամարտութեան չկարգաւորւած լինելու փաստը՝ միաժամանակ նշւել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափը եւ կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին. «կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին եւ յանձնաժողովի փոխնախագահին/Արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով Միութեան Բարձր ներկայացուցչին ակտիւօրէն ներգրաււել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական կարգաւորում գտնելու եւ տարածաշրջանում լարւածութեան հետագայ սրումը կանխելու գործում,…»:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա ինչպէ՞ս հասկանալ 2022 թ. յունիսի 8-ին կրկին Եւրոպական խորհրդարանի ընդունած «Անվտանգութիւնն Արեւելեան գործընկերութեան տարածաշրջանում եւ անվտանգութեան ու պաշտպանութեան ընդհանուր քաղաքականութեան դերը» վերտառութեամբ բանաձեւը, որտեղ կրկին արձանագրւել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգաւորւել, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարւել է «վիճելի տարածք»:
- Եթէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», ապա
ինչպէ՞ս հասկանալ Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. հոկտեմբերի 12-ին ընդունած «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձեւը, որտեղ, մասնաւորաբար, արձանագրւել է՝
«Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ այս երկարամեայ եւ ողբերգական հակամարտութիւնը կարող է լուծւել միայն խաղաղ ճանապարհով, երկխօսութեան եւ բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով եւ կիրառելի միջազգային իրաւունքի հիման վրայ՝ լիովին յարգելով այնտեղ ապրող իւրաքանչիւր մարդու իրաւունքները»:
«Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ գրեթէ մի ամբողջ բնակչութեան այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպէտք է ընդունւի որպէս նոր իրականութիւն»:
Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ միջազգային կառոյցների կողմից ընդունւած բոլոր վերոյիշեալ փաստաթղթերն անառարկելիօրէն վկայում են, որ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Արցախի Հանրապետութիւնը չի ճանաչել եւ ճանաչած չի եղել որպէս Ադրբեջանի մաս, ինչպէս, միտումնաւոր, թէ չիմացութեան պատճառով, կարծում է Արցախի Հանրապետութիւնն օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանը:
Հետեւաբար, ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշի պնդումն առ այն, թէ «…ողջ միջազգային հանրութիւնը փաստաթղթաւորւած ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպէս Ադրբեջանի մաս», կատարեալ անհիմն է եւ սնանկ: