Բացառիկ հանդիպումներ եւ քննարկումներ. ԸԵՄՄ-ի (IUSY) գլխաւոր քարտուղար Սարինէ Աբրահամեանի այցն Իրաքեան Քուրդիստան
Բուռն քննարկումներով, հետաքրքիր հանդիպումներով ու բազմակողմանի շփումներով է անցել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան (ՄՍԵՄ) գլխաւոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանի աշխատանքային այցը Իրաքեան Քուրդիստանում: Աբրահամեանն oրեր առաջ՝ դեկտեմբերի 13-17-ը, աշխատանքային այցով Իրաքեան Քուրդիստանում է գտնւել:
Նա Yerkir.am-ին պատմեց այնտեղ անցկացրած հանդիպումների մասին, որոնց նպատակը մէկն է եղել՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարւում այնտեղ՝ գետնի վրայ, ստանալ տեղեկութիւններ՝ գործընկերների, անդամ կազմակերպութեան կողմից եւ ցուցաբերել քաղաքական աջակցութիւն:
«Հանդիպումներ տեղի ունեցան Իրաքեան Քուրդիստանի կառավարութեան ներկայացուցիչների հետ, մասնաւորապէս գիւղատնտեսութեան նախարարութեան նախարարի եւ անձնակազմի հետ, Քուրդիստանի Հայրենասիրական միութիւն կուսակցութեան (ՔՀՄ) խորհրդարանական խմբակցութեան անդամների հետ, ՔՀՄ-ի փոխնախագահի հետ, ՔՀՄ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչների հետ, ՔՀՄ-ի արտաքին յարաբերութիւնների պատասխանատուի, տարբեր բնոյթի ոչկառավարական հասարակական կազմակերպութիւնների հետ։ Քուրդիստանի Հայրենասիրական միութիւն կուսակցութիւնը, որի երիտասարդական թեւը անդամակցում է Միջազգային Սոցիալիստ Երիտասարդների միութեանը, Քուրդիստանի համախոհական կառավարութեան մաս է կազմում։ Այս կուսակցութիւնը ձգտում է քաղաքականացնել Քուրդիստանի երիտասարդներին, որպէսզի նրանք աշխոյժ մասնակցութիւն ունենան քաղաքացիական հասարակութեան ստեղծմանը եւ ժողովրդավարութեան ամրապնդմանը։ Քանի որ քուրդ ժողովուրդը երկար տարիների բռնաճնշումներից յետոյ հասել է որոշակի ինքնիշխանութեան, կարեւոր էր հասկանալ այսօրւայ մարտահրաւէրները եւ նրանց ցոյց տալ աջակցութիւն ժողովրդավարութեան կայացման գործում, որպէսզի ՄՍԵՄ-ը միջազգային հարթակներում կարողանայ պաշտպանել քուրդ ժողովրդի հիմնարար իրաւունքները, մասնաւորապէս ինքնորոշման եւ սեփական երկրում իր սեփական կամքը արտայայտելու իրաւունքը»,- ասաց Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան գլխաւոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը:
Հարցին, թէ ի՞նչ վերաբերմունք ունէին քաղաքական գործիչներն ու մարդիկ՝ Արցախեան հարցի եւ 2023 թ.-ին տեղի ունեցած բռնի տեղահանւած արցախահայութեան վերաբերեալ, Աբրահամեանը նկատեց.
«Ես առաջին հերթին Քուրդիստանում էի գտնւում ի պաշտօնէ՝ որպէս ՄՍԵՄ-ի գլխաւոր քարտուղար, սակայն իմ հայ եւ ՀՅԴ անդամ լինելը չէր կարող քրդական միջավայրում աննկատ մնալ։ Բնականաբար խօսւեց հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամութեան եւ յարաբերութիւնների եւ մեր ընդհանուր շահերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի բռնաճնշումները հայ եւ քուրդ ժողովուրդների նկատմամբ ընդհանուր են եւ այս ժողովուրդները վայելում են ՄՍԵՄ-ի աջակցութիւնը իրենց իրաւունքների վերականգնման մէջ»:
«Արցախահայ թէ քուրդ, պաղեստինցի թէ Արեւմտեան Սահարայի ժողովուրդ, միեւնոյն է. մենք պաշտպանում ենք ճնշւած ժողովրդների իրաւունքները, որովհետեւ յստակ դիրքորոշում ունենք, որպէս ՄՍԵՄ, որ իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ազատ ու անկախ ապրել իր հայրենիքում»,- շեշտեց Սարինէ Աբրահամեանն:
Զուգահեռներ անցկացնելով քուրդ եւ հայ երիտասարդութեան մէջ, Սարինէ Աբրահամեանը նկատեց՝ նրանց ու հայ երիտասարդների միջեւ բաւականին նմանութիւն կան: Երիտասարդները պայքարում են իրենց երկրի ու հայրենիքի համար: Քուրդ երիտասարդները ցանկութիւն ունեն ամուր կապեր հաստատել հայ երիտասարդների հետ:
Խօսելով հետագայ անելիքների մասին՝ Աբրահամեանը շեշտեց, որ եկող տարւայ ընթացքում պլանաւորում են աւելի մեծ միջոցառումներ անցկացնելով միջազգային հանրութեան ուշադրութիւնն աւելի շատ ուղղել դէպի Իրաքեան Քուրդիստանի տարածաշրջան, բարձրաձայնել երիտասարդների ու կանանց իրաւունքների խնդիրները: Միաժամանակ պէտք է հզօրացւի Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան մեր գործընկերի դերը: