
«ԱԼԻՔ» – Միաստւածային կրօնների նահատակների շիրիմների խնկարկում եւ ծաղիկների խոնարհման արարողութիւնը, որն ամէն տարի տեղի է ունենում Յեղափոխութեան յաթանակի տասնօրեակին, այս տարի տեղի ունեցաւ Իսլամշահրի ասորիների գերեզմանատանը՝ ասորիների, հայերի, զրադաշտականների եւ հրեաների համայնքների խորհրդարանի պատգամաւորների, երկրի քաղաքացիական եւ զինւորական պաշտօնեաների, ինչպէս նաեւ փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ։
Արարողութեանը ներկայ են եղել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, «Անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման խորհրդի» ներկայացուցիչները, ինչպէս նաեւ նահատակների ընտանիքների անդամները։
Արարողութեան ընթացքում ելոյթ է ունեցել Թեհրանի Նահատակնեի եւ զինհաշմանդամների հիմնադրամի գլխաւոր տնօրէն Հոսէյն Նասրօլլահը, ով շեշտելով նահատակների արիւնի միաւորիչ դերի մասին, նշել է. «Նահատակների արիւնը կապող օղակ է Իրանի ժողովրդի համար։ Բոլոր նահատակները, յատկապէս՝ միաստւածային կրօնների համայնքների նւիրած նահատակները, առանց ակնկալիքի մղւեցին ճակատ եւ հայրենի հողի պահպանման համար գիտակցաբար ընդունեցին նահատակութիւնը»։
Նա յաւելել է, որ սրբազան միութիւնը ներառում է երկրի բոլոր կրօնները, եւ հզօր Իրանը պարտական է իր ժողովրդի համատեղ հաւատքին։
Նա նշել է նաեւ, որ իրանցին կանգնած է մէկ դրօշի տակ եւ մէկ հողի վրայ, եւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է իր կեանքը նւիրաբերել՝ երկիրը ցանկացած վտանգից պաշտպանելու համար:









