Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալիեւը Հայաստանին սպառնացել է տարանցիկ երկիր դառնալու «զրոյական շանսերով»՝ «Զանգեզուրի միջանցքի» պատճառով

«ԱԼԻՔ» – «Եթէ Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հետ կապւած գործընթացը, ապա նրա՝ երբեւէ տարանցիկ երկիր դառնալու հնարաւորութիւնները մօտենում են զրոյի»: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օկուպացւած Շուշիում անցկացւող, այսպէս կոչւած, «համաշխարհային մեդիաֆորումի» ժամանակ:

«Ցաւօք, հայկական կողմը վերջին հինգ տարում որեւէ աշխատանք (կապւած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ-ԽՄԲ.) չի իրականացրել։ Այդ հարցը գիտակցաբար հանւում է օրակարգից։ Այդ դէպքում Հայաստանի համար երբեւէ տարանցիկ երկիր դառնալու հնարաւորութիւնները մօտենում են զրոյի։ Եթէ նրանք շարունակեն արգելափակել այս գործընթացը, կարծում եմ, կը յայտնւեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մէջ, որում այսօր գտնւում են, այլեւ որոշակի առումով՝ քաղաքական մեկուսացման մէջ»,- յայտարարել է Ալիեւը։

Ընդ որում, նա, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի ներուժը «նախնական փուլում գնահատել է 15 մլն տոննա բեռ»։

«Մենք գործնականում աւարտում ենք երկաթգծի շինարարութիւնը մինչեւ Հայաստանի եւ Իրանի հետ մեր սահմանի հատման կէտը։ Հաւանաբար, մէկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցէ նոյնիսկ յաջորդ տարւայ գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատւածը կառուցւած կը լինի»։

««Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը, ըստ էութեան, կը բացի Հիւսիս-Հարաւ միջանցքի եւս մէկ ուղղութիւն։ Ոչ միայն այն, որի մասին բոլորն են խօսում՝ Ռուսաստանից Ադրբեջանով դէպի Իրան՝ մինչեւ Ռեշթ, այլեւ Արեւելեան Զանգեզուրի եւ Զանգեզուրի շրջանի այլ հատւածների միջոցով դէպի Իրան եւ այնուհետեւ՝ Թուրքիա։ Ուստի բեռնահոսքի ծաւալի աւելացման համար հսկայական հեռանկարներ են բացւում», – ասել է Ալիեւը։

Նա կրկին հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրման պայմանները:

Ըստ նրա՝ «խաղաղութեան պայմանագիրը կարող է ստորագրւել երկու հարցի լուծումից անմիջապէս յետոյ՝ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման»։

«Այո, տեքստը կարող է նախաստորագրւել նախապէս, եւ ադրբեջանական կողմն արդէն հանդէս է եկել նման առաջարկով Աբու Դաբիում։ Բայց, ինչպէս գիտէք, փաստաթղթի նախաստորագրումը բոլորովին չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնութեան բանաւոր արտայայտումը, մէկ այլ բան՝ փաստաթղթի իւրաքանչիւր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մօտ ենք խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը»,- յայտարարել է Ալիեւը։

Related Articles

Back to top button