Արա Պօղոսեան. «Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օկուպացւած Շուշիում անցկացւող, այսպէս կոչւած, «Համաշխարհային մեդիաֆորումի» ժամանակ Ուկրաինային ուղղւած Իլհամ Ալիեւի խորհրդին:
«Հէյդարի տղայ Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ։ Օկուպացւած Շուշիում միջոցառման ժամանակ Իլհամը կոչ է արել Ուկրաինային չհամակերպւել իր տարածքների օկուպացիայի հետ եւ պայքարել մինչեւ վերջ։
Տրամաբանական է, որ Ալիեւը ոչ մի դէպքում չի ցանկանայ ռուս-ուկրաինական հակամարտութեան աւարտը, որովհետեւ դա կը նշանակի փակել պարտքերը Ռուսաստանի նկատմամբ։
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ, այդ թւում Ռուսաստանում իր ներդրւած գործակալների, ռուսական էլիտաների գնւած ներկայացուցիչների միջոցով, նոյնիսկ ԱՄՆ-ն չի արել։
Իսկ եթէ Ռուսաստանն իսկապէս ցանկանում է ազատւել թուրքական հեգեմոնիայից իր սեփական էլիտաների վրայ, ապա պէտք է սկսի հէնց իրենից` կառավարող էլիտաներից, հակառակ պարագայում, մի քանի խուլիգաններ ձերբակալելով կամ արտաքսելով ոչինչ չի փոխւելու»,- գրել է նա:
Նշենք, որ օկուպացւած Շուշիում անցկացւող մեդիաֆորումի ժամանակ, պատասխանելով ուկրաինական հակամարտութեան մասին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին՝ Իլհամ Ալիեւն ասել է. «Երբեք մի՛ համաձայնէք օկուպացիային»։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ լրագրողը Ալիեւից խորհուրդ է հարցրել պատերազմի պայմաններում գտնւող իր երկրի համար։