ՄիջազգայինՔաղաքական

Վրաստանի խորհրդարանի մօտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դէմ

«ԱԼԻՔ» – Թբիլիսիում, երէկ՝ երեկոյեան, Վրաստանի խորհրդարանի մօտ ոստիկանութիւնը յատուկ տեխնիկա է կիրառել ցուցարարների դէմ։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտնում է Newsgeorgia.ge-ն։

Իրավիճակը սրւել է խորհրդարանի շէնքի ծառայողական մուտքի մօտ՝ Զուբալաշւիլի-Չիչինաձէ եղբայրների փողոցների խաչմերուկում։ Ցուցարարները ոստիկանների ուղղութեամբ տարբեր առարկաներ՝ շշեր, ճայթրուկներ, ձւեր, ներկանիւթեր են նետել, գունաւոր ծուխ արձակել։ Այդ ամէնը ուժայինները վերադարձրել են ամբոխին՝ անպարկեշտ ժեստերի ուղեկցութեամբ։

Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ցուցարարները «չպարզւած առարկաներ» են նետել ոստիկանների ուղղութեամբ, ինչի հետեւանքով մէկ ոստիկան վիրաւորւել է։

Մի քանի րոպէ բարձրախօսներով ցուցարարներին կոչ էին անում ցրւել։ Ուժայիններն արդէն ջրցան մեքենաներ են կիրառել։ Իրավիճակը պարբերաբար լարւում է. հաղորդւում է, որ առնւազն մէկ ցուցարար վիրաւորւել է:

Մայրաքաղաքում պատրաստւածութեան բարձր աստիճանի են բերւել նաեւ յատուկ ջոկատայինները:

Նշենք, որ վրացական ընդդիմութիւնը հաւաքւել էր բողոքելու կառավարութեան որոշման դէմ, որը չի նախատեսում ԵՄ անդամակցութեան շուրջ բանակցութիւններ սկսել առաջիկայ չորս տարիներին:

Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէն յայտարարել է ԵՄ-ին երկրի անդամակցութեան շուրջ բանակցութիւնների բացման եւ Եւրամիութեան բոլոր բիւջետային դրամաշնորհներից հրաժարւելու հարցը մինչեւ 2028 թւականը օրակարգից հանելու մասին:

Related Articles

Back to top button