Շարմազանով. «Միջազգային հանրութիւնը պէտք է դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսեւորումները Լեռնային Ղարաբաղում»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պերմ, 22․05․2026 թ.
Միջազգային համաժողովի յարգելի մասնակիցներ
Եւրասիայի ժողովուրդներին, չնայած մշակութային բազմազանութեանը, միաւորում է հարուստ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը։
Հարկ է նշել, որ համագործակցութեան ամրապնդման գործում առանձնայատուկ նշանակութիւն ունեն հումանիտար փոխգործակցութիւնը եւ պատմական յիշողութեան պահպանումը։
Սակայն, ցաւօք, մեր տարածաշրջանում այսօր եւս արձանագրւում են նէոֆաշիստական բնոյթի վանդալիզմի դրսեւորումներ՝ ուղղւած Մեծ Հայրենականի հայ հերոսների յիշատակի դէմ։
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում պղծւել են հայազգի հերոսների՝ Խորհրդային Միութեան մարշալ Յովհաննէս Բաղրամեանի, Լենինգրադի պաշտպանութեան մասնակից, նշանաւոր օդաչու Նելսոն Ստեփանեանի եւ այլ նշանաւոր հայորդիների յուշարձանները։
Բացի այդ, Ստեփանակերտում ադրբեջանական իշխանութիւնները բարբարոսաբար քանդել են հայկական երկու եկեղեցի, այդ թւում՝ Սուրբ Աստւածածին Հովանու Մայր տաճարը։
Գործընկերներ
Այս ամէնը նէոնացիզմի, վանդալիզմի եւ հոգեւոր արժէհամակարգի դէմ ուղղւած գործողութիւնների ակնյայտ դրսեւորում է։
Չի կարելի լինել անտարբեր:
Անտարբերութիւնը ծնելու է նոր յանցագործութիւններ։
Ուստի կոչ եմ անում Ձեզ, որպէս միջազգային հանրութեան ներկայացուցիչներ, վճռականօրէն դատապարտել ադրբեջանական վանդալիզմի այս դրսեւորումները եւ նպաստել պատմամշակութային ու հոգեւոր ժառանգութեան պահպանութեանը»։



