Գրիգոր Սրբազանի այցը Սեպուհ արք. Սարգսեանին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, նոյեմբերի 24-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ցամաքի ճանապարհով ուղեւորւեց Թեհրան, անձնական այցելութիւն տալու Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որը բժշկական խնամքի է ենթարկւում առաջնորդական իր բնակարանում:
Հանդիպման առաջին իսկ պահից, Սրբազան Հայրերի միջեւ եղբայրական փոխադարձ սէրն ու համակրանքը թագադրւեց Գրիգոր Սրբազանի կատարած «Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս…» աղօթքով:
Օրւայ ընթացքում Սրբազան Հայրերի միջեւ տեղի ունեցած զրոյցը ընդգրկեց ե՛ւ Թեհրանի, ե՛ւ Ատրպատականի հայոց թեմերում եկեղեցական եւ ազգային աշխատանքների պատկերը, ինչպէս նաեւ առաջիկայ ծրագրերը, մշակութային, կրթական եւ հաւաքական կեանքին առնչւող: Աւարտին, Գրիգոր Սրբազան, Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան, հաւատացեալ ժողովրդի անունից եւ անձնապէս շուտափոյթ ապաքինում եւ առաջնորդական պաշտօնի վերստանձնում մաղթեց իր Սրբազան եղբօր: Յայտնենք նաեւ, որ անցած ամիսների ընթացքում Գրիգոր Սրբազանը յաճախ հեռախօսային կապի մէջ էր Սրբազանի հետ, հետեւելով նրա առողջական իրավիճակին:
Յաջորդ օրը, Գրիգոր Սրբազանը վերադարձաւ Ատրպատականի հայոց իր թեմի նստավայրը՝ Թաւրիզ: