ԱտրպատականՀամայնք

Մերձաւոր Արեւելքի նաւը չի՛ ընկղմելու

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագիր

Ծովի ալեկոծումների տագնապն ու առաջացրած մտահոգութիւնները բոլոր քաղաքական նաւաստիների միտքը զբաղեցնող նիւթեր են, որոնք իրենց նաւի կործանման առաջն առնելու համար, ծովակուլ ալիքների դիմաց են պայքարում:

Մերձաւոր Արեւելքի աւազանը ներկայումս աշխարհի մարդկութեան աչքերի առջեւ է բացել սպանդի եւ կոտորածների մի շարժապատկեր, որի ամենօրեայ տեսարանների վկաներն են լինում համայն բնակիչները այս մոլորակի:

Ազատ թողնւած եւ իր անխնայ ռմբակոծութիւնները իրականացնող Սիոնիստական կառավարութիւնը, զինեալ ուժ եւ հակառակորդ է համարում ո՛չ միայն կռւող այդ մարդուն, այլեւ կանանց, ծերերին եւ նոյնիսկ խանձարուրի երեխաներին:

Մերձաւոր Արեւելքի «հարս»-ին նմանեցւած Լիբանանը, որի ազատութեան անսահմանելիութիւնը, ինչպէս նաեւ համայնքային դրութեամբ ղեկավարման օրինակը դժւար է տեսնել աշխարհի այլ երկրներում, այսօր տանջւում է՝ Սիոնիստական կառավարման իշխանութիւնը վարողների ձեռքում, համայն աշխարհի անտարբեր հայեացքի առջեւ:

Իրենց մայրերի թեւերի մէջ յաւիտենապէս քնած երեխաները, իբրեւ անմեղ հրեշտակներ, տեղափոխւում են երկինք, այնտեղ հանգչելու համար աշխարհում տիրող պատերազմական իրավիճակից, եւ վայելելու երկնքի արքայութիւնը…:

Արաբական աշխարհի հետաքրքրութիւնը նաֆթային եւ այլ ուղղութիւններով, սեփական անապատի շքեղացման հեռանկարով է պարուրում մարդկանց միտքը, անձնասիրութեամբ այլափոխւող քաղաքականութեամբ, իսկ Իրանի Իսլամական հանրապետութիւնը դեռեւս պահպանողն է մարդասիրական հաւատքի, ինչպէս նաեւ պատմութիւնը վերակերտելու աշխատանքի համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքներից վերապրած այսօրւայ ծերունիներին ի յարգանս կազմակերպւած պետական յայտագրերը, նրանց գնահատելու ձեռնարկից աւելի, աշխարհին զգուշացնելու կոչեր են, նման պատերազմների անկրկնելիութիւնից խուսափելու համար:

Մեծ հարցականը այն է սակայն, որ նոյն մարդիկ մտածո՞ւմ են Միջին Արեւելքի աւազանում վերջնական խաղաղութիւն կերտելով, արդարութեան հիմնադիրները լինել…: Կասկածելի գործարք է այս նրանց համար, որովհետեւ իրենց միջեւ իսկ տարուբերւող անհամաձայնութիւնների լուծումը տեսնում են Միջին Արեւելքի շրջապատում, որտեղ լւանալու են իրենց կեղտոտ ձեռքերը, եւ ապա հաշտութեան համար ձեռնւում են իրար հետ…:

Հազա՜ր ափսոս Միջին Արեւելքի պատմական «նաւ»-ին, որը կապոյտ ծովում նաւում էին՝ նոյն տարածքում ծնունդ առած կրօնների համերաշխ ճամբորդները: Նրանցից ոմանք, միեւնոյն «նաւ»-ի հաւասար սեփականատէրերը կամ նաւավարները լինելով հանդերձ, այլ ծովափներում ծնունդ առած ազգերի սին բարեկամութիւնից են շփացել եւ հարստացել: Նրանք իրենց մեծամտութիւնը պարտադրում են ա՛յն ազգերին, որոնց փողերը արժեզրկելով, խորտակում են նրանց տնտեսութիւնը, ու կեանքը խեղդում՝ երեխաներին իսկ չխղճալով, ու սովածարաւ անելով:

Գալիլիոյ ծովակի հսկայ փոթորիկը Յիսուս խաղաղեցրեց, դաստիարակելու համար այն ազգին որին ընտրեց, նրանից մարմնապէս ծնւելու համար այս աշխարհում: Առաքեալները ճանաչեցին Յիսուսի աստւածութիւնը, եւ աշխարհով մէկ քարոզեցին այն. սակայն նոյն քարոզներին կարօտ է ամբողջ աշխարհը, սկսեալ երեք միաստւածեան կրօններից, որոնք եղբայրաբար ապրելուց բացի, այլ ուղի չունեն:

Ինքնագիտակցութեան եւ ինքնարթնացման գործը՝ ամէնից առաջ ապագայ սերնդի համար է…: Ժամ չկորցնենք:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 11, նոյեմբերի 2024 թ.)

Related Articles

Back to top button