ՄիջազգայինՔաղաքական

Պուտինն առաջարկել է ուղիղ բանակցութիւններ Ուկրաինայի հետ Թուրքիայում

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ուղիղ բանակցութիւններ վարել Ուկրաինայի հետ եւ յայտարարել, որ այդ բանակցութիւնները պէտք է անցկացւեն անյապաղ: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Մոսկւայի ժամանակով՝ մայիսի 10-ի կէսգիշերին կայացած անակնկալ մալոյ ասուլիսի ժամանակ, ՌԴ նախագահն առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցութիւններ վարել Ուկրաինայի հետ:

«Մենք լուրջ բանակցութիւնների ենք ձգտում՝ լուծելու այս հակամարտութեան բուն պատճառները, եւ առաջ շարժւելու՝ դէպի կայուն եւ ամուր խաղաղութիւն»,- յայտարարել է նա:

Պուտինն ասել է, որ չի բացառում, որ այդ բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր կը լինի «պայմանաւորւել նոր հրադադարի շուրջ»:

Նա տեղեկացրել է, որ այսօր՝ մայիսի 11-ին, հեռախօսազրոյց կունենայ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու հարցի մանրամասները։

Կիեւը դեռեւս չի արձագանգել Պուտինի առաջարկին:

Նշենք, որ նախօրէին Արեւմտեան կողմը յայտարարել էր, որ ամերիկացի, եւրոպացի եւ ուկրաինացի բանակցողները պատրաստել են «գործողութիւնների ծրագիր», որը ներառում է Ռուսաստանի համար 22 առաջարկ, այդ թւում՝ 30-օրեայ հրադադար:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկութիւնների՝ այս փաստաթուղթը համապատասխանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պահանջին, որ Միացեալ Նահանգները չի աջակցի Ուկրաինայի անդամակցութեանը ՆԱՏՕ-ին։

«Եթէ Պուտինը ցանկանում է ելք գտնել, սա նրա ելքն է», – առաջարկների մասին NBC News-ին ասել է գործընթացին մօտ կանգնած աղբիւրը։

Նախատեսւում է, որ ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Սթիւ Ուիտկոֆը պէտք է այս առաջարկները ներկայացնի Ռուսաստանի նախագահին: Բայց այժմ թւում է, թէ Պուտինը Թայիփ Էրդողանին է ներկայացրել որպէս բանակցային գործընթացի միջնորդ:

Related Articles

Back to top button