Կրեմլը գնահատել է Պուտինի հետ հնարաւոր շփումների մասին օտարերկրեայ առաջնորդների յայտարարութիւնները

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ցանկացած օտարերկրեայ առաջնորդի հետ շփումների համար, որքանով նրանք պատրաստ են։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ լրագրողներին յայտնել է Կրեմլի մամլոյ քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ նախօրէին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չէր բացառել Պուտինի հետ հեռախօսազրոյցի հնարաւորութիւնը։
«Եթէ անհրաժեշտութիւն առաջանայ, եթէ դա օգնի վերջ տալ այս պատերազմին, ես պատրաստ եմ շատ բան անել, բայց նախ եւ առաջ պէտք է տեսնել, թէ արդեօք կարող ենք հասնել հրադադարի նպատակին մինչեւ այս հանգստեան օրերը»,- ասել է նա։
Պեսկովին հարցրել են, թէ արդեօք Ռուսաստանի նախագահը պատրաստ է նման զրոյցի կամ հանդիպման։
«Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է շփումների ցանկացած առաջնորդի հետ։ Նա բաց է փոխգործակցութեան, երկխօսութեան ցանկացած առաջնորդի հետ այնքանով, որքանով առաջնորդներն իրենք պատրաստ են։ Մենք Եւրոպայից շատ հակասական յայտարարութիւններ ենք լսում։ Դրանք, ընդհանուր առմամբ, աւելի շատ բախումնային բնոյթ ունեն, քան ուղղւած են մեր յարաբերութիւններն ինչ-որ կերպ վերականգնելու փորձերին», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Ռուսաստանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ երկօսութեան ուղիներ ունի Ուկրաինայում արեւմտեան երկրների կողմից առաջարկւած 30-օրեայ հրադադարի շուրջ քննարկումների համար, Պեսկովն ասել է. «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխօսութեան ուղիներ չունենք, բայց Վաշինգտոնի հետ ունենք երկխօսութեան որոշակի ուղիներ, որոնք մենք պահպանում ենք, եւ քննարկւում են տարբեր հարցեր»: