Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դէպի Թուրքիա. ի՞նչ պէտք է անի Հայաստանը

Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը նպատակադրւել են խորացնել եռակողմ համագործակցութիւնն առեւտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին պայմանաւորւել են երեք երկրների ղեկավարները Թուրքմենբաշիում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը պայմանաւորւել են ստեղծել միջանցք, որը Չինաստանից ձգւելու է մինչեւ Մերձաւոր Արեւելք եւ Եւրոպա՝ օգտագործելով երեք երկրների տարանցիկ ներուժը։ Նախագահները քննարկել են Բաքւի եւ Թուրքմենբաշիի նաւահանգիստների հզօրութիւններն աւելացնելու հնարաւորութիւնները, այդ թւում՝ Կասպից ծովով լաստանաւային փոխադրումների աւելացման հարցը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետութեան հրապարակ» տելեգրամեան ալիքը նախ յիշեցնում է, որ 2024 թւականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դէպի Թուրքիա։

Ադրբեջանը տասնամեակներ շարունակ միլիարդաւոր դոլարներ է ներդրել սեփական լոգիստիկ հզօրութիւններն ընդլայնելու վրայ՝ կառուցելով գազանաւթատարներ, ճանապարհներ, օդանաւակայաններ, ընդլայնել է Բաքւի նաւահանգստի տարանցիկ հնարաւորութիւնները։ Ադրբեջանը ցանկանում է Չինաստանի, թուրքախօս Կենտրոնական Ասիայի համար դառնալ տարանցիկ միջանցք՝ Միջին միջանցքը կապելով Թրամփի ուղու կամ դէ ֆակտօ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ՝ ստանալով թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական օգուտներ։ Բաքուն փորձում է նւազեցնել ադրբեջանական բիւջէի մեծ կախւածութիւնը նաւթագազային հատւածից եւ մեծացնել ոչ նաւթային հատւածն իր տնտեսութեան կառուցւածքում։ Միեւնոյն ժամանակ, Արեւելք-Արեւմուտք միջանցք դառնալուն զուգահեռ՝ զարգացնում է կապերը նաեւ ՌԴ-ի ու Իրանի հետ՝ կառուցելով Հիւսիս-Հարաւ միջանցքը՝ ՌԴ- Ադրբեջան-Իրան երկաթգիծը»։

Հեղինակները նշում են, որ Հայաստանն իր հերթին պէտք է զարգացնի Հիւսիս-Հարաւ միջանցքը ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ՝ ներգրաւելով այդ երկրներից ներդրումներ, ստեղծելով Հիւսիս-Հարաւ միջանցքի երկայնքով աշխատատեղեր, տնտեսական հզօրութիւններ, տուրիստական լոգիստիկա, որպէսզի կարողանայ դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցութեանը Հարաւային Կովկասում։

«Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է դէպի թուրքախօս աշխարհ կամ Մեծ Թուրան, իսկ Արեւմուտքի եւ Իսրայէլի համար պլացդարմ է ընդդէմ Իրանի»,- գրում է ալիքն ու յաւելում, որ, այսպիսով, Հարաւային Կովկասում մեծ թափով ընթանում է լոգիստիկ միջանցքների մրցակցութիւն՝ Ադրբեջանը ցանկանում է դառնալ առաջատար երկիր իր էներգակիրները դէպի Արեւմուտք արտահանելով, իսկ Հայաստանը պէտք է կարողանայ ապրանքների հոսքեր ներգրաւել Հիւսիս-Հարաւ նախագծում եւ հզօրացնել Սիւնիքի թէ՛ տնտեսական, թէ՛ ռազմական ու դեմոգրաֆիական ներուժը՝ արցախցիներին բնակեցնելով Սիւնիքում։

«Փաստ»

Related Articles

Back to top button