ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը համոզել է Ասադին հեռանալ Սիրիայից

«ԱԼԻՔ» – Ռուսական իշխանութիւնները համոզել են Սիրիայի նախկին նախագահ Բաշշար Ասադին, որ նա կը պարտւի պատերազմում «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի գլխաւորած զինւած խմբաւորումներին եւ նրան ապահով տարհանում են առաջարկել, եթէ նա անմիջապէս հեռանայ Սիրիայից: Այս մասին ըստ News.am-ի՝ դեկտեմբերի 11-ին յայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք աղբիւրների։

Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզութեան աշխատակիցները, ասել են գործակալութեան զրուցակիցներից երկուսը։ Նրանց խօսքով՝ հետախուզութեան աշխատակիցները Ասադին դուրս են բերել՝ օգտագործելով Սիրիայում ռուսական աւիաբազան։ Աղբիւրներից մէկը նշել է, որ Ասադին տեղափոխող օդանաւում տրանսպոնդերն անջատւել է հսկողութիւնից խուսափելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է իմանալ, թէ ինչու ռուսական հետախուզական ծառայութիւնները չեն նկատել Ասադի ռեժիմի համար աճող սպառնալիքը, քանի դեռ շատ ուշ չէ, ասել է Կրեմլին մօտ կանգնած աղբիւրը:

Ինչպէս նշում է Bloomberg-ը՝ ի սկզբանէ Սիրիայում ռուսական զօրքերը յարձակւել են սիրիական զինւած խմբաւորումների վրայ՝ փորձելով հետ մղել նրանց եւ ուժեղացնել Ասադի ուժերը։ Բայց քանի որ սիրիական կառավարական զօրքերը «շատ դիմադրութիւն չցուցաբերեցին», եւ խմբաւորումները, գրաւելով Հալէպն ու Համան, սկսեցին առաջ շարժւել դէպի ռազմավարական նշանակութիւն ունեցող Հոմս քաղաքը, Ռուսաստանը եկաւ այն եզրակացութեան, որ չի կարող պաշտպանել Ասադի ռեժիմը, ասել է աղբիւրներից մէկը։

Related Articles

Back to top button