Պուտինը յայտարարել է, որ միշտ մտածում է իրաւայաջորդի մասին

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ անընդհատ մտածում է իրաւայաջորդի մասին, սակայն վերջնական ընտրութիւնը պէտք է լինի ռուսաստանցիներինը: Հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը։
«Ես միշտ դրա մասին եմ մտածում»,- ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վաւերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք մտածում է նրա մասին, թէ ով ապագայում կը ղեկավարի երկիրը։
«Բայց վերջնարդիւնքում ընտրութիւնը մարդկանցն է, Ռուսաստանի ժողովրդինը, քաղաքացիներինը, ընտրողներինը»,- շարունակել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաեւ համաձայնել է այն պնդման հետ, որ ինքն անընդհատ նայում եւ գնահատում է իւրաքանչիւր հնարաւոր թեկնածուի ներուժը։
Նա նշել է, որ «լուրջ բան անելու շանսեր դժւար թէ ունենայ այն մարդը, որի հետեւում չկայ ժողովրդի վստահութիւնը»։
«Որպէսզի երկիրը կայուն լինի, որպէսզի լինեն պայմաններ, որոնք կապահովէին նրա զարգացումը, անվտանգութիւնը, պէտք է մէկ շատ կարեւոր պայման՝ մարդկանց վստահութիւնը երկրի բարձրաստիճան պաշտօնատար անձանց նկատմամբ։ Բայց որպէսզի հասնենք այդ վստահութեանը, պէտք է, իհարկէ, արդիւնաւէտ եւ ազնւօրէն աշխատել, բարելաւել մեր քաղաքացիների վիճակը»,- ասել է Պուտինը։
Շարունակելով՝ որպէս օրինակ նա բերել է այն փաստը, որ հիմա երկրում աղքատութեան ամենացածր մակարդակն է։
«Հասկանալի է, որ մարդիկ միշտ նայում են առաջ եւ միշտ ելնում են նրանից, որ կարող էր աւելի լաւ լինել։ Եւ այդ հարցում մարդիկ, իհարկէ, ճիշտ են։ Եւ եթէ մարդիկ հաւատում են, ապա գլխաւոր պայմանը, այն է՝ իշխանութեան նկատմամբ վստահութիւնը, որոշակի չափով ապահովւած կը լինի, իսկ դա այն է, առանց որի չի կարող լինել հասարակութեան միասնութիւն։ Ահա թէ ինչի մասին եմ ես միշտ մտածում։ Հասարակութեան ներքին համախմբւածութիւնը մեր բոլոր ձեռքբերումների հիմքն է։ Եւ ես շատ շնորհակալ եմ մարդկանց այն վստահութեան համար, որը նրանք ինձ ցուցաբերում են, եւ ոչ միայն ընտրութիւններում, այլեւ այսպիսի ընթացիկ աշխատանքում։ Առանց դրա ո՛չ ապրել, ո՛չ աշխատել հնարաւոր չէ»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաեւ յայտարարել է, որ աւելի լաւ կը լինէր, որ ինքն ունենար մի քանի իրաւայաջորդ, որպէսզի ռուսաստանցիներն ընտրութիւն ունենային։
«Ես մտածում եմ այն մասին, որ պէտք է յայտնւի մի մարդ, իսկ աւելի լաւ է՝ մի քանի մարդ, որպէսզի մարդիկ ընտրութիւն ունենան, ովքեր կը կարողանային հասնել երկրի քաղաքացիների կողմից այդ վստահութեանը»,- ասել է ՌԴ նախագահը վաւերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք մտածում է նրա մասին, թէ ով ապագայում կը ղեկավարի երկիրը։